«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի լիազորությունն է ապահովել անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, շահերի բախման 38 դեպքերի վիճակագրության վարումը և հրապարակումը։ Այս համատեքստում 2024 թվականին Հանձնաժողովը համագործակցություն է հաստատել Վիճակագրական կոմիտեի հետ։ 2024 թվականի սեպտեմբերի 13-ի N 06-Լ որոշմամբ հաստատվել է Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային վիճակագրության վարման մեթոդաբանական ուղեցույցը:
Հանձնաժողովը այս հնարավորության շրջանակներում նաև մի շարք գերատեսչություններում հարցումներ է անցկացրել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2024 թվականի տարեկան վիճակագրության վարման նպատակով Հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբեր ամսին մեթոդաբանության հիման վրա մշակել և շրջանառել է էլեկտրոնային հարցաթերթեր, որի միջոցով տեղեկատվություն է հավաքագրվել հանրային իշխանության մարմիններից, այդ թվում՝ համայնքապետարաններից: 2024 թվականին անցկացված հարցմանը մասնակցել են պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման 83 մարմիններ: Հարցաթերթերը լրացվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչների կողմից: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ 2024 թվականի հարցմանը մասնակցած գերատեսչությունների թիվը 54-ով ավելացել է: Միաժամանակ, որակական առումով ևս ստացված տվյալները նախորդ տարվա համեմատ առավել բովանդակային և ճշգրիտ են:
Նախորդ տարվա համեմատությամբ՝ էականորեն ավելացել են բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով իրականացված քննությունները:
Մասնավորապես՝ 2023 թվականին ներկայացված տվյալների համաձայն՝ հանրային իշխանության մարմիններում իրականացվել է նշված հիմքով 51 քննություն, մինչդեռ, 2024 թվականի նույն հիմքերով պայմանավորված քննությունների ընդհանուր թիվը կազմել է 142:
2024 թվականին հարցմանը մասնակցած 83 գերատեսչություններից 12-ում արձանագրվել են անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների և շահերի բախման իրավակարգավորումների խախտման 143 դեպք, որից՝ 127-ը վերաբերել է վարքագծի կանոններին, 8-ը՝ շահերի բախման կարգավորումներին, 2-ը՝ նվերների ընդունման սահմանափակումներին, 6-ը՝ անհամատեղելիության պահանջներին: Արձանագրված խախտումների հիմք են հանդիսացել իրականացված օպերատիվ միջոցառումները, մոնիթորինգի արդյունքները, հանրային իշխանության համապատասխան մարմինների վերահսկողական տարբեր գործողությունները, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց կողմից ստացված դիմումները, որոշ դեպքերում՝ թեժ գծի հեռախոսազանգերը, ինչպես նաև լրատվական կայքերի հրապարակումները:
ArmLur.am-ը ուսումնասիրելով նկատեց, որ հաշվետու տարում հարցմանը մասնակցած գերատեսչություններում արձանագրված վարքագծի կանոնների խախտման 127 դեպքից 106-ն արձանագրվել է նույն գերատեսչությունում: Արդյունքում 35 ծառայող ազատվել է աշխատանքից, 44 ծառայող ենթարկվել է «Նկատողություն» կարգապահական տույժի, 23-ը՝ «Խիստ նկատողություն», 4-ը՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման:
Մեկ այլ գերատեսչությունում իրականացվել է 9 ծառայողական քննություն, ինչի արդյունքում՝ 2 ծառայող ենթարկվել է «Նկատողություն» կարգապահական տույժի և 6 ծառայող ենթարկվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժի։ «Նկատողություն» կարգապահական տույժերից 1-ը կիրառվել է նույն անձի նկատմամբ միաժամանակ շահերի բախման և վարքագծի կանոնների խախտման համար։
Երկու այլ գերատեսչություններում չորս աշխատակից ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ վերջիններիս նկատմամբ հայտարարվել է «Խիստ նկատողություն»: Մեկ այլ դեպքում՝ իրականացվել է 3 ծառայողական քննություն, որի արդյունքում 2 անձի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» տեսակի տույժ:
Գերատեսչություններից մեկում իրականացված ծառայողական քննության արդյունքում կիրառվել է «Ի գիտություն» պատասխանատվության միջոցը: Վերջին գերատեսչությունում ծառայողական քննություն է իրականացվել, սակայն արդյունքում պատասխանատվության միջոց չի կիրառվել, քանի որ այն պաշտոնատար անձը, ում նկատմամբ վարվել է ծառայողական քննություն, ազատվել է աշխատանքից (հաստիքների կրճատում)։
Էմմա Միքայելյան

























































































