Ապրիլի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, տեղի կունենա Նուբարաշեն ՔԿՀ պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի կաշառքի գործով դատալսումը:
Նշենք, որ Դավիթ Մուրադյանը մեղադրվում է դատապարտյալից խոշոր չափերի գումարներ վերցնելու և դրանք յուրացնելու մեջ: Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ Մուրադյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Նշենք նաև, որ Մուրադյանը Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանին վաղաժամկետ ազատելու համար վերցրել է կաշառք՝ 14 հազար դոլար և տան գույք` 760 հազար դրամի չափով: Սակայն դատապարտյալին ծեծի են ենթարկում և տեղափոխում Հրազդան ՔԿՀ պատժախուց:
Դատապարտյալը սկսում է բողոքել, և այնտեղ պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը, ով պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր այդ ժամանակ, վերադասներից պատվեր է ստանում, որպեսզի Արտակ Հակոբյանին պահեն պատժախցում միայնակ:
Հետագայում գործընկերոջ վրեժը լուծելու համար ՔԿՀ -ի աշխատակիցները, Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, դրդում են դատապարտյալին ինքնավնասումների և հացադուլի: Իսկ վերջերս դատապարտյալի դեմ մահափորձ է կատարվել աշխատակիցների կողմից` կրակոցի, հետագայում` դանակահարության տեսքով:
Տաթև Հարությունյան