Նկարիչների միության ղեկավար Կարեն Աղամյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյո՞ք Նկարիչների միությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 99-ը ամյակին:
Պրն Աղամյանն ասաց, որ Նկարիչների միությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին.«Մենք ունենք ծրագիր, որը պետք է իր ավարտին հասցվի մինչ 100-ամյակը: Նախատեսվում է անցկացնել համահայկական ցուցահանդես: Ծրագիրը ներկայացվելու է մշակույթի նախարարություն: Ընթանում են բանակցություններ, վերջնական ոչինչ չկա: Ցանկանում ենք, որ նախապես պայմանագրեր կնքվեն, որպեսզի մի քանի թեմատիկ նկար պետությունը գնի»:
Սա դեռ ամենը չէ: ՌԴ-ի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի գլխավորությամբ ու հայերի համաշխարհային կոնգրեսի կողմից լավագույն 10 աշխատանքների համար նախատեսվել են մրցանակներ 15.000 դոլար արժողությամբ մրցանակային ֆոնդով:
«Այն ծրագիրը, որը ներկայացրել ենք Մշակույթի նախարարությանը, մոտ 20-25 մլն դրամի պատմություն է»,- մանրամասնեց Աղամյանը:
Ի դեպ, Կարեն Աղամյանը որպես նկարիչ ևս պատրաստվում է այդ ցուցահանդեսին:
(Կարեն Աղամյանի «Գաղթ» կտավը, որը ստեղծվել է 2010 թ-ին` Եղեռնի 95-րդ տարելիցին ընդառաջ)
«Իմ կտավում չի լինելու արյուն, դաժանություն: Պետք է մեր որոշակի հաղթական դրվագները ներկայացնել` օրինակ մուսալեռցիների հերոսական պայքարը, Սարդարապատի կռիվը, որև ևս կարելի է այս համատեքստում ներկայացնել»,- ասաց Աղայանը:
Արդյո՞ք երիտասարդ նկարիչները կցանկանան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թեմատիկ կտավներ ստեղծել:
«Թեմատիկ աշխատանքներ ստեղծվում են պատվերի ձևով: Պետությունը պետք է պատվերներ տա, որ թեմատիկ աշխատանքներ ստեղծվեն: Մենք հենց սրան էլ ձգտում ենք, որին դեռ մեծ մասամբ չենք հասնում»,- ասաց Աղամյանը:
Իսկ միգուցե պատվիրատուի դերում հանդես պետք է գան նաև մեծահարուստները:
«Դե եկեք մեծահարուստներին հուշենք: Օրինակ, Արա Աբրահամյանը մրցանակային ֆոնդ է սահմանել, դա օրինակ խթանող հանգամանք է»,-եզրափակեց Աղամյանը:
Սոնա Դավթյան