
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին /ՀՌԱՀ/ վրդովեցրել է “Արմենիա TV“-ին իր եթերում “Ալա բալա նիցա” ֆիլմը գովազդելու ընթացքում գովազդի ժամանակային սահմանափակումների վերաբերյալ օրենսդրական նորմերի խախտումը: Հայաստանյան հեռուստաընկերություններից մեկն էլ իր մոնիտորինգի արդյունքում նկատել է այդ խախտումը եւ բողոքել հանձնաժողովին: Երկուշաբթի, ՀՌԱՀ-ի հրավիրած նիստում “Արմենիա TV”-ի ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանին չհաջողվեց ապացուցել, որ իրենք ոչ թե գովազդ, այլ ֆիլմի մասին ուղղակի անոնս են տվել: Արդյունքում, ՀՌԱՀ-ը որոշեց նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով` 32,5 միլիոն դրամով տուգանել հեռուստաընկերությանը: Այս որոշումը, ի դեպ, կարող է բողոքարկվել դատարանում: