Հայաստանում ապրիլին տարեկան գնաճը կազմել է 3,2%՝ մարտին գրանցված 3,3%-ի դիմաց։ Որոշակի դանդաղումը պայմանավորված է սննդամթերքի (ապրիլին +5,2% տարեկան՝ նախորդ ամսվա 5,4% տարեկան ցուցանիշի դիմաց), ծառայությունների (ապրիլին +2,7% տարեկան՝ նախորդ ամսվա 2,9% տարեկան ցուցանիշի դիմաց) և ոչ պարենային ապրանքների (ապրիլին -0,5% տարեկան, ինչպես և նախորդ ամսին) գների դինամիկայով։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի ամփոփագրում։
«Մենք ակնկալում ենք սպառողական գների աճի պահպանում նպատակային ցուցանիշի (3±1%) մոտակայքում»,- նշել են Բանկում։
Հայաստանի կենտրոնական բանկը մայիսի 6-ի նիստում կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75% մակարդակում։ Որոշումն ընդունվել է գնաճի՝ նպատակային միջակայքում գտնվելու պայմաններում։ Կարգավորիչը նաև նշել է, որ արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցություն է ակնկալվում, միևնույն ժամանակ Հայաստանում գնաճային սպասումները և ծառայությունների գների աճը կայունացել են։





























