ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական հաստատություն ընդունվելու համար գրանցվելու հստակ ժամկետ է սահմանել առաջնահերթություն ունեցող երեխաների համար (երեխաներ, որոնց քույրերը, եղբայրները սովորում են տվյալ հաստատությունում)։ Նրանք կարող են դիմել մինչև տվյալ տարվա մարտի 1-ը։
Այս մասին մայիսի 26-ին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՀՀ քաղաքացիների տեսահարցերին։
«Երևանի քաղաքապետարանի կայքում գործում է հերթագրման առցանց համակարգ։ Ընդունելության կարգով մենք արել ենք մի կարգավորում, որպեսզի հնարավոր լինի ապահովել առաջնահերթություն ունեցող և մյուս երեխաների կրթության իրավունքը։ Հստակ ժամկետ ենք սահմանել առաջնահերթություն ունեցող երեխաների գրանցման համար։ Նրանք կարող են գրանցվել մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, ինչը նշանակում է, որ, եթե առաջնահերթություն ունեցող երեխային չեն գրանցում մինչև սահմանված ժամկետը, բոլոր երեխաները ընդհանուր հիմունքներով են գրանցվում»,-շեշտեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց՝ ստանում են բազմաթիվ բողոքներ այն մասին, որ հաճախ առաջնահերթություն ունեցող երեխաներն այնքան շատ են, որ չեն կարողանում գրանցել մյուս երեխաներին, և նրանց կրթության իրավունքի խնդիր է ծագում։ «Լուծումներից մեկը որոշակի քվոտաներ սահմանելն է առաջնահերթություն ունեցող երեխաների համար, որպեսզի նաև մյուս երեխաները կարողանան իրացնել նախադպրոցական կրթությունից օգտվելու իրենց իրավունքը»,-ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության մեծածավալ ծրագրերից մեկը 500 մանկապարտեզների ծրագիրն է։ «Երևանում վերջին տարիներին բազմաթիվ մանկապարտեզներ ենք վերանորոգել, վերակառուցել, ամբողջությամբ նոր կառուցել, և քաղաքապետարանը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Խրախուսում ենք նաև մասնավոր մանկապարտեզների թվի աճը։ Հիմա նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ են ընթանում, որոնք հնարավորություն կտան գործել ավելի ճկուն պայմաններում և ապահովել ծառայությունների որակը»,-եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։

















































































