Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է Եվրամիության ընդլայնման հավանականությանը՝ շեշտելով, որ այդ հարցում ասպարեզում մեծ կեղծավորություն կա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիյարտոն թեմայի մասին խոսել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ։
«Երբ խոսքը վերաբերում է Եվրամիության ընդլայնմանը, ապա ասպարեզում մեծ, շատ մեծ կեղծավորություն կա: Ինչո՞ւ։ Որովհետև ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը բոլորովին այլ բաներ է ասում հանրության առաջ, քան փակ դռների հետևում: Հանրության առաջ նրանք կողմ են ընդլայնմանը։ Երբ մենք փակ դռների հետևում ենք, նրանք առաջ են բերում խոչընդոտների երկար ցուցակ, թե ինչու ընդլայնումը չի կարող տեղի ունենալ։ Նայեք Չեռնոգորիային։ Չեռնոգորիան մի երկիր է, որը չի կարող վտանգել Եվրամիության կենսագործունեությունը ո՛չ իր տարածքի չափերով, ո՛չ բնակչությամբ:
Երկիր, որն արդեն եվրոգոտու անդամ է, երկիր, որն արդեն ՆԱՏՕ-ի անդամ է։ Ինչո՞ւ մենք Չեռնոգորիան չենք ընդունում՝ որպես Եվրամիության անդամ։ Ինչո՞ւ մենք չենք ընդունում Սերբիային՝ որպես Եվրամիության անդամ. Ինչո՞ւ մենք դա չենք անում Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Արևմտյան Բալկանների երկրները սպասում են արդեն 15 տարի։ Այսպիսով, ի՞նչ ընդլայնման քաղաքականության մասին է խոսքը։ Այս երկրներին 15 տարի անընդմեջ պահել են սպասման մեջ»,- հայտարարել է Սիյարտոն:





























