Armenian text to speach

Վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ հարուցվել է 5 վարույթ, իսկ դիմումները շատացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2024 թվականի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է վարքագծի կանոնների խախտմանը վերաբերելի 19 ուսումնասիրություն, որից 10-ը՝ մեդիա հրապարակման, 9-ը՝ դիմումի հիման վրա, որոնցից մեկը վերաբերել է ոչ թե որոշակի պաշտոնատար անձի նկատմամբ վարույթի հարուցմանը, այլ պարունակել է հարցում՝ դիմումով նկարագրված իրավիճակի վերաբերյալ։

Վարքագծի կանոնագրքի ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ նկատելի է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերաբերյալ Հանձնաժողով հասցեագրվող դիմումների թվի աճ։ Այսպես, 2022 թվականին վարքագծի կանոնների վերաբերյալ ստացվել է 3 դիմում, 2023 թվականին նման դիմումներ չեն ստացվել, իսկ արդեն 2024 թվականին դրանց թիվը կազմել է 9: Ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ 5 վարույթ։ Մեկ դեպքում Հանձնաժողովը որոշում է կայացրել նախաձեռնել վարույթ, որը, սակայն, հարուցվել է 2025 թվականին։ 11 դեպքում Հանձնաժողովը եզրահանգել է, որ բացակայում են վարույթի հարուցման հիմքերը, որոնցից 4 դեպքում՝ պայմանավորված առերևույթ խախտման բացակայությամբ, 4 դեպքում՝ ելնելով այն հանգամանքից, որ դիմումը վերաբերել է Վարքագծի կանոնագրքի սուբյեկտ չհանդիսացող պաշտոնատար անձի և 3 դեպքում՝ նկատի ունենալով, որ դիմումը ներկայացվել է մինչև Վարքագծի կանոնագրքի՝ ուժի մեջ մտնելը։

Հարուցված վարույթներից 1-ը վերաբերել է պետական քաղաքական և վարչական պաշտոն զբաղեցնող անձի (ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետի), մեկը՝ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձի (պատգամավորի օգնականի), իսկ 3-ը՝ համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց (համայնքի ղեկավարների և համայնքի ղեկավարի տեղակալի)։
Հարուցված 5 վարույթներից 3-ը կասեցվել են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նույն դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականին ավարտվել է 2 վարույթ, որոնց արդյունքներով Հանձնաժողովն ընդունել է վարքագծի կանոնի խախտման վերաբերյալ 2 եզրակացություն՝ Երևանի քաղաքապետի և ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի-ոստիկանապետի վերաբերյալ:

Երկու վարույթի արդյունքում էլ արձանագրվել է Վարքագծի կանոնագրքի 36-րդ և 37-րդ կետերի խախտում, որոնք վերաբերում են բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն ցուցաբերելու, անձանց պատիվն ու արժանապատվությունը հարգելու պարտականություններին։ Ընդ որում՝ երկու վարույթով էլ արձանագրված խախտումը վերաբերել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից զսպվածություն ցուցաբերելու պահանջը չկատարելուն և անձանց արժանապատվությունը վիրավորելուն, մի դեպքում՝ ավագանու անդամի, մյուս
դեպքում՝ հավաքի մասնակիցների։

Էմմա Միքայելյան




Լրահոս