
Առավոտյան համացանցն ու լրահոսը փոթորկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով անբարո հայտարարություններ ուղղեց դեպի հոգևորականներ և Եկեղեցի, արդեն կեսօրին Շիրակի մարզի Արթիկ համայնքում էր։
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 29-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ այցելության է գնալու, որ հասկանա՝ նախընտրական ինչ տրամադրվածություն կա։ Սակայն ինչպես տեսնում ենք, Գյումրիում ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խայտառակ պարտությունից հետո Փաշինյանը Գյումրի՝ Հայաստանի երկրորդ մայրաքաղաք չի գնացել և գուցե հենց ընտրությունների պատճառով։
ArmLur.am-ը կապ հաստատեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ և հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընտրությունների արդյունքներն են պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրի չի եկել։ Ղուկասյանը հորդորեց Փաշինյանից հարցնել, սակայն նշեց․
«Իր կամքն է, ուզում է գալ, թող գա, ինչ կա, ինքը գիտի, վարչապետ մարդ է։ Իրեն հարցրեք, թող ասի, ինձ էլ է հետաքրքիր, թե ինչն է Գյումրի չգալու պատճառը»։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե օրաթերթի տեղեկություններով` ՔՊ վարչությունում որոշվել է մարզեր գործուղել տարբեր ՔՊ-ականների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն: ՔՊ-ականները պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն, թե ինչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ, արդյոք 2026 թվականին շանս ունեն ընտրվելու: Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե, իհարկե, հեղինակություն ունի: Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը իր ամենավստահելի մարդկանցից մեկից՝ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից, պահանջել է ռեալ պատկեր ներկայացնել, և առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները մարզային այցերի են գնալու:
Էմմա Միքայելյան