Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ ArmLur.am-ին նամակ են փոխանցել, որում ասվում է․
«Օրերս մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ոչ ակադեմիական բարքեր են տիրում հանձին բուհի ղեկավարության (ռեկտոր՝ Դավիթ Գյուրջինյան, պրոռեկտորներ՝ Դոնարա Ղազարյան, Գևորգ Հակոբյան): Հրապարակումից հետո բուհի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե արդյոք տարածված տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։
Մեզ հետ զրույցում բուհի աշխատակիցները ոչ միայն հաստատեցին լայն տարածում գտած հրապարակումը, այլ նաև հավելեցին, որ բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, բուհի Հոգաբարձուների խորհրդի կողմից պաշտոնապես ռեկտոր ընտրվելուց, Լեզվի կոմիտեի իր նախկին տեղակալին բուհում պրոռեկտոր նշանակելուց և դստերը համալսարանում աշխատանքի ընդունելուց որոշ ժամանակ անց «պատռեց իր գառան մորթին»՝ դառնալով անճանաչելի։
Պարզվում է, որ նրա վատ կառավարման, կողմնակալ ու երբեմն նաև հանդուգն որոշումների հետևանքով բուհի շատ աշխատակիցներ հեռացել են աշխատանքից, այդ թվում՝ բազմավաստակ մասնագետեր, որոնք ժամանակին ծափահարել և ողջունել են Դավիթ Գյուրջինյանի նշանակումը, աջակցել նրան ներքին կառավարման տարբեր ոլորտներում։ Սակայն իրավիճակն այսչափ սարսափելի չէր լինի, եթե աշխատանքից բոլորը հեռանային սեփական կամքով։ Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրին տարբեր աշխատակիցներ, երկու պրոռեկտորների, իսկ ավելի հաճախ՝ Գևորգ Հակոբյանի աշխատասենյակում են վճռում մարդկանց ճակատագրերը։ Վերջինս կանչում է Գյուրջինյանի «սև ցուցակում» հայտնված անձանց, գովում նրանց մասնագիտական կարողությունները, մարդկային որակները, և ապա հորդորում շուտափույթ աշխատանքից ազատման դիմումներ գրել, այլապես շինծու նկատողություններով կազատեն աշխատանքից։ Այս չարաբաստիկ «սև ցուցակում» հայտնված աշխատակիցը պաշտպանված է և աշխատելու իրավունք ունի այնքան ժամանակ, քանի դեռ չեն գտել իրենց ծանոթ/բարեկամ/ընկեր/համակուրսեցի մեկին, ով կհամաձայնի տվյալ պաշտոնը զբաղեցնել (որոշ դեպքերում անգամ առանց մասնագիտական կրթության)։ Այս են վկայում բուհում Գյուրջինյանի դստեր ընկերուհիների ղեկավար պաշտոններում աշխատանքի անցնելը, Գյուրջինյանի եղբոր, Գյուրջինյանի կնոջ ծանոթների, պրոռեկտոր Հակոբյանի հետ քավոր/սանիկ հարաբերություններում գտնվող անձի, ընկերոջ կնոջ, և մի շարք այլ անձանց արագ աշխատանքի տեղավորվելը Բրյուսովի համալսարանում։
Երբ այս կամ այն աշխատակիցը հրաժարվում է կատարել Հակոբյանի այդ հրամանը, նա հիշեցնում է, որ ինքն ու Գյուրջինյանը «քլինինգ» են անում, և իրենք են այստեղ որոշողը։ Գևորգ Հակոբյանն անխնա տարածում է, որ իրենք իշխանությունների մանդատն ունեն, պաշտպանված են «վերևների կողմից», և կանեն այն ամենը, ինչ կցանկանան։ Վերջինս, մեր տեղեկություններով, նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի եղբայրն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի գրասենյակի խորհրդի անդամ է։
Փորձեցինք հետաքրքրվել, թե գուցե քաղաքական տարբեր ճամբարներում գտնվելու, այս կամ այն քաղաքական ուժին սատարելու կամ Բրյուսովի նախկին ղեկավարության հետ ունեցած կապերի հիմքով են հանիրավի ստիպում մարդկանց ազատել զբաղեցրած պաշտոններից, սակայն մեզ հավաստիացրին, որ չկա նման բան։ Ավելին, հիմնականում ազատվում են իրենց հավատարիմ, իրենց աջակցած, անգամ իրենց օրոք ընդունված աշխատակիցներից։ Դեռ հակառակը, մեզ տեղեկացրին, որ երբ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող գրություն հրապարակվեց Բրյուսովականների ստորագրությամբ, եղան վարչապետի հրաժարականը պահանջող աշխատակիցներ, որոնք Դավիթ Գյուրջինյանի օրոք ավելի բարձր պաշտոն ստացան, ինչպես օրինակ, Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը։ Հիշեցնենք, որ մամուլում տարածված վաշխառության մասին աղմկահարույց հոդվածի «գլխավոր հերոսուհին» հենց սույն տիկինն էր։
Բուհում լայնորեն քննարկվում է այն թեզը, որ Դավիթ Գյուրջինյանը վատնել է իշխանության, մասնավորապես Լիազոր մարմնի կողմից իրեն տրված վստահության քվեն, որովհետև նրան կուրացրել է պաշտոնը։ Նրանց պնդմամբ՝ սա հատստավում է նաև գործուղումների մեկնելու նրա անհագ մոլուցքով։ Գյուրջինյանը մասնակցում է անգամ աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված Էրազմուս ծրագրերի, որոնց սովորաբար ռեկտորները չեն մասնակցում և ղեկավար կազմի համար չեն նախատեսված։ Նա պարզապես «խոպան» է եկել և քանի դեռ իշխանություն ունի, վայելում է բուհի ռեսուրսները։ Նա իր դուստր Աշխեն Գյուրջինյանին բուհում բացի վարչական աշխատանքի ընդունելուց նաև դասախոսության ժամեր է հատկացրել՝ հաշվի չառնելով նրա գիտական կոչում չունենալը այն դեպքում, երբ ուսումնական տարվա մեկնարկին պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը խստորեն կարգադրել էր որևէ չպաշտպանած մարդու (այսինքն՝ գիտական կոչում չունեցող) չընդունել և դասախոսության ժամեր չտրամադրել։ Երբ Դ․ Ղազարյանից փորձել են ճշտել, արդյոք խնդիր չէ՞ Աշխեն Գյուրջինյանին ընդունելը այն ֆոնին, երբ երկար տարիների փորձ ունեցող, սակայն գիտական կոչում չունեցող տարբեր աշխատակիցների ազատել են աշխատանքից, նա պատասխանել է, որ Աշխենը ռեկտորի աղջիկն է, և խելացի մարդը իրեն այդ հարցը չպետք է տա։ «Ի՞նչ է սա, եթե ոչ տնավարություն, երկակի ստանդարտներ, մի՞թե մեր համալսարանը «Հայր և դուստր» ձեռնարկատիրություն է դարձել կամ ծառայում է որպես «խոպան» Գյուրջինյան ընտանքիի համար»,- ասում էին մեզ հետ զրուցող Բրյուսովականները։
Մեզ տեղեկացրին, որ ղեկավար կազմի ջանքերով բուհում զրոյի է հավասարեցվել պրոֆեսորադասախոսական կազմի ակադեմիական ազատությունը։ Ինչպես պարբերաբար հպարտացել է Գևորգ Հակոբյանը՝ բոլորը աներկբա պետք է ենթարկվեն իրեն, ինքը եկել է կարգ ու կանոն հաստատելու, եթե շատ ցանկանա, անգամ կարող է միջանցքում նստեցնել այս կամ այն աշխատակցին՝ զրկելով նրան աշխատասենյակից։ Սակայն կարգ ու կանոնի հաստատումը, պարզվում է, աշխատակիցներին ստորացնելն է, աշխատակիցների հասանելի վճարովի արձակուրդի դիմումների մերժումները, ստիպելը, որ գան և մուրան իրենց օրենքով հասանելի արձակուրդը։ Նրանց «կարգ ու կանոն»-ի յուրահատուկ դրսևորում է նաև խիստ ընտրողաբար պարգևավճար տալը, ռեկտոր հոր և դստեր համատեղ գործուղումների մեկնելը, ուսանողների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալը և այլն։ Մեզ տեղեկացրին նաև, որ կարգ ու կանոնի հաստատման «լավագույն» օրինակներից է նաև այն, որ պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը ինչ-ինչ պատճառաբանությամբ և որ ամենակարևորն է՝ ռեկտորատի որոշումով թույլատրել է մի 4-րդ կուրսի ուսանողի, որը լուծարումներից անբավարար գնահատական է սստացել և արդեն իսկ գերազանցել 12 կրեդիտի թույլատրելի շեմը, հանձնել քննությունը ևս մեկ անգամ, և նշանակել դրական գնահատական։
Դոնարա Ղազարյանի նախաձեռնությամբ որոշում էր կայացվել անցկացնել ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգում` ի հեճուկս գործող գնահատման կարգի։ Ամբիոններին հանձնարարվել էր նյութեր պատրաստել քննության համար, որոնք պետք է պահվեին Դոնարա Ղազարյանի չհրկիզվող պահարանում, որպեսզի դասախոսները ծանոթ չլինեն նյութերին, իսկ այդ քննության գնահատականը պետք է կազմեր ուսանողի վերջնական գնահատականի 50-ից 60 տոկոսը։ Տեղեկանալով այդ մասին` ուսանողները բողոքի ձայն բարձրացրին, սկսեցին ստորագրահավաք, որին մասնակցեց ուսանողության գրեթե 90 տոկոսը։ Ուսանողներին լռեցնելու նպատակով գումարվեց նիստ` բուհի և ուսանողների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում պրոռեկտորներ Դոնարա Ղազարյանը և Գևորգ Հակոբյանը իրենց որոշումը փոխեցին` հայտարարելով, որ քննությունը ոչ թե ուսանողների գիտելիքների ստուգում է, այլ, մեջբերում եմ` «… հետապնդում է ապիկար և տգետ դասախոսների բացահայտման նպատակ», ինչով հերթական անգամ նվաստացվեց մեծավաստակ պրոֆեսորադասախոսական անձնակազմի դիրքը ուսանողների շրջանում։
Այս համատեքստում անհասկանալի է նաև այն որոշումը, որ ֆիզիկական կուլտուրայի դասերին առողջական տարբեր խմբերում գտնվող ուսանողները նույն խմբով են պարապում, այսինքն՝ նույն ծրագրով։ Իսկ ռեկտոր Դավիթ Գյուրրջինյանը քաջատեղյակ է պրոռեկտոր Դոնարա Ղազարյանի սույն ապօրինի գործարքների մասին և ակնհայտ կոծկում է դրանք։
Ցավալիորեն, «ռեկտոր-պրոռեկտորներ միավորումը» անգամ հետևում է սոցիալական ցանցերում աշխատակիցների ակտիվությանը։ Ողջ համալսարանը ամիսներ առաջ քննարկում էր, թե ինչպես Գյուրջինյանը մի «լայքի» պատճառով Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի ֆրանսերենի մասնաբաժնի ղեկավար Մելանյա Ղազարյանին զրկեց նշված պաշտոնից։
Բուհն իր գործունեությունը ծավալում է` չունենալով ռազմավարական ծրագիր, որը բուհի Հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց` տալով երկու շաբաթ ժամանակ ծրագրի վերանայման համար: Ցավալիորեն, ծրագիրը ցայսօր վերանայված չէ, քանզի պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը դա «այդքան էլ չի կարևորում»։
Համալսարանում ստեղծվել է մի անառողջ միջավայր, որտեղ, կարծեք թե, Գյուրջինյան ընտանիքը «խոպան» է եկել, իսկ պրոռեկտորներն ու նրանց նշանակած կադրերը իրականացնում են իրենց երազանքները՝ իշխել, շրջագայել, հաղթահարել մանկության սթրեսները՝ ինքնահաստատվելով և դե յուրե իրենց ենթարկվող աշխատակիցներին նվաստացնելով։
Սակայն ամենացավալին այն է, որ սույն անձինք անխնա վատնում են այն լիակատար վստահության քվեն, որը ստացել էին ՀՀ իշխանություններից։ Սրա ապացույցն է նաև վերջին օրերին բուհի ռեկտորատի նիստին Դավիթ Գյուրջինյանի հեգնական ելույթը, որ ինքը չի պատրաստվում ուշադրություն դարձնել եղած հրապարակումներին, ինքը ունի շատ ամուր հիմքեր և շարունակելու է կառավարել բուհը։
Մի՞թե ԿԳՄՍ նախարարին չի հուզում ռեկտոր Գյուրջինյանի կառավարման այս «բարդակը»»։






























