Armenian text to speach

Դիտորդ մարմնի եզրակացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացությունը՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում 1in.am լրատվական կայքի լուսաբանումների վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացրած դիմումի կապակցությամբ։

Ա․ ՓԱՍՏԵՐ

1. 2025-ի մարտի 31-ին ԶԼՄ-ների Դիտորդ մարմինը դիմում է ստացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից (ՀՌՀ), որով դիմումատուն հայտնում է, որ ուսումնասիրել է մարտի 15-ից մինչեւ մարտի 23-ը Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանում 1in.am կայքում զետեղված՝ ընտրություններին վերաբերող նյութերը եւ եզրահանգում կատարել, որ լրատվամիջոցը սատարում է ավագանու ընտրություններին մասնակցող կոնկրետ թեկնածուի եւ կուսակցության։ Մասնավորապես, ըստ դիմումատուի, գրեթե բոլոր տեսանյութերը պարունակում են «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Լեւոն Բարսեղյանի նախընտրական քարոզչության տեսահոլովակը։ Բացի դրանից, մշտադիտարկված հաղորդումներում հյուրերը կա՛մ «Եվրադաշինքի» ներկայացուցիչներ են, կա՛մ գովաբանում կամ աջակցում են «Եվրադաշինքին»: Դիմումատուն նշում է նաեւ, որ «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունը (որը տնօրինում է 1in.am-ը) չի հրապարակել վճարովի եթերաժամ տրամադրելու մասին տեղեկատվություն, ինչպես պահանջում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, այլ բանավոր զրույցում հայտնել է, որ եթերը տրամադրվում է անվճար։ ՀՌՀ-ն ակնկալում է Դիտորդ մարմնի դիրքորոշումը խնդրի վերաբերալ։

2. Հաշվի առնելով, որ 1in.am լրատվական կայքը Հայաստանի լրատվամիջոցների Ինքնակարգավորման նախաձեռնության (ԻՆ) անդամ է, առաջնորդվելով ԴՄ աշխատակարգի 4.6 կետով, Դիտորդ մարմինը քննության է առել սույն դիմումը եւ փորձել է լրատվամիջոցից պարզաբանում ստանալ խնդրի վերաբերյալ։ Մասնավորապես, լրատվամիջոցին ուղղված 10.04.2025թ․ գրությամբ ԴՄ համակարգողը խնդրել է տեղեկություններ հայտնել այն մասին, թե

ա) արդյո՞ք Գյումրու ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժեր, բացի «Եվրադաշինքից», դիմել են 1in.am-ի խմբագրությանը՝ իրենց քարոզչական հոլովակները ցուցադրելու խնդրանքով, եւ
բ) 1in.am-ը հայտարարություն տարածե՞լ է քարոզարշավի մասնակից ուժերին վճարովի կամ անվճար եթեր տրամադրելու մասին։

3. Դիտորդ մարմինը խմբագրությունից գրավոր պատասխան չի ստացել, փոխարենը ԴՄ համակարգողի հետ բանավոր զրույցում լրատվամիջոցի տնօրենը տեղեկացրել է, որ այլ քաղաքական ուժերից քարոզչական հոլովակներ տարածելու դիմում չեն ստացել, եւ որ դեռեւս մարտի 1-ին կայքում հայտարարություն է տարածվել, որով խմբագրությունը պատրաստակամություն է հայտնել՝ հյուրընկալել բոլոր ցանկացողներին եւ նրանց տրամադրել հավասար
եթերաժամանակ։

3. Ապրիլի 9-ին Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել մասնագիտական կարծիք առ այն, թե արդյո՞ք խնդրո առարկա տեսանյութերի հրապարակումն իրավաչափ է իրականացվել, եւ արդյո՞ք նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ տրամադրելու մասին տեղեկություն չհրապարակելը օրենքի խախտում է։ Քննելով Դիտորդ մարմնի դիմումը՝ ՏՎԽ-ն կարծիք է հրապարակել։

Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

1. «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենք

Հոդված 20, կետ 6, 2-րդ պարբերություն – Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը․․․։ Հոդված 2.1, կետ 6 3. Նախընտրական քարոզչական նյութերի հրապարակումը պետք է ուղեկցվի «Նախընտրական քարոզչություն» լուսագրով, իսկ քարոզչական տեսանյութերի դեպքում՝ տեսանյութի վրա տեղադրվող «Նախընտրական քարոզչություն»՝ անընդմեջ ուղեկցվող լուսագրով։ Նախընտրական քարոզչական նյութերի եւ տեսանյութերի հրապարակումը պետք է տեղեկություններ պարունակի պատվիրատուի վերաբերյալ»։

2. «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենք Հոդված 11, մաս 1, կետ 4. – Թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին (հանրաքվեի քարոզչության կողմերին) նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումները (Հանրային հեռարձակողի դեպքում` նաեւ օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է էկրանի վրա պարտադիր
անընդմեջ ուղեկցվեն «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրով, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ պետք է հիշեցվի դրա մասին:

3. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր․․․խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`

7.4. Բոլոր թեկնածուներին իրենց ծրագրերը եւ տեսակետները ներկայացնելու համար լրատվամիջոցում հավասար հնարավորություն տալ, վճարովի տեղ կամ եթերաժամ հատկացնելիս` լրատվամիջոցում ապահովել հավասար սակագնային պայմաններ։

7.5. Չհրապարակել քողարկված քաղաքական գովազդ պարունակող նյութեր: Այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին աջակցող խմբերի կողմից հրապարակման ներկայացված (վճարովի կամ անվճար) կամ նրանց պատվերով պատրաստված նյութերը հստակ առանձնացնել այլ նյութերից կամ այդ մասին նշում կատարել։

7.6. Հեռարձակվող լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան որեւէ կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց, տպագիր եւ առցանց լրատվամիջոցները նման մտադրություն ունենալու դեպքում այդ մասին նախապես եւ հստակ հայտարարեն:

4. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ

3.5. ԴՄ-ում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն կամ շահերի բախում ունեցող ԴՄ անդամը, առաջնորդվելով ԴՄ անդամի Վարքականոնի 1․4 դրույթով, պարտավոր է քննարկումից առաջ այդ մասին տեղեկացնել ԴՄ համակարգողին՝ հրաժարվելով տվյալ նիստին մասնակցելուց:

4.6. Տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողների գործունեությանը վերաբերող էթիկական խնդիրների առնչությամբ պատշաճ դիմող է ճանաչվում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը («Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի իմաստով)՝ որպես ոլորտը կարգավորող պետական մարմին, որը լիազորված է նաեւ հետեւելու այդ ԶԼՄ-ների մասնագիտական էթիկայի նորմերի պահպանմանը։ ՀՌՀ-ից ստացված դիմումները քննվում են գործող ընթացակարգով, ինչի արդյունքում, եթե վեճը վերաբերում է Կանոնագիրը ստորագրած հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, ԴՄ-ն տրամադրում է եզրակացություն, իսկ մյուս դեպքերում՝ փորձագիտական կարծիք, կամ հանդես է գալիս հայտարարությամբ։

5․6․ ԻՆ անդամները, Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով ստանձնած պարտավորության համաձայն, Կանոնագրի խախտումների վերաբերյալ Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների պետք է հրապարակեն իրենց լրատվամիջոցում եւ այդ մասին տեղեկացնեն ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը։

Գ․ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝
• քննելով Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրալան քարոզարշավի շրջանում 1in.am լրատվական կայքի լուսաբանումների վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դիմումը,
• ուսումնասիրելով դիմումի մեջ ներկայացված փաստական հանգամանքները եւ դրանց վերաբերյալ բանավոր պարզաբանում ստանալով 1in.am կայքի տնօրինությունից, եզրակացնում է, որ

✓ 2025թ․ մարտի 15-ից մինչեւ մարտի 23-ը 1in.am կայքում զետեղված՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին վերաբերող նյութերի զգալի մասի վերլուծությունը ակներեւ կերպով ցույց է տալիս, որ լրատվամիջոցը նախընտրական քարոզչության շրջանում սատարել է «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքին եւ նրա քաղաքապետի թեկնածու Լեւոն Բարսեղյանին։ Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցող կոնկրետ թեկնածուին եւ կուսակցությունների դաշինքին աջակցելով եւ դրա մասին չհայտարարելով՝ 1in.am-ը խախտել է նաեւ Կանոնագրի 7.6. կետի պահանջը:
✓ Լրատվամիջոցը խախտել է նաեւ Կանոնագրի 7.5 կետով սահմանված պահանջը (․․․այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին աջակցող խմբերի կողմից հրապարակման ներկայացված (վճարովի կամ անվճար) կամ նրանց պատվերով պատրաստված նյութերը հստակ առանձնացնել այլ նյութերից կամ այդ մասին նշում կատարել)։
✓ Ինչ վերաբերում է դիմումատուի ակնարկին, թե լրատվամիջոցը խախտել է ՀՀ օրենսդրության պահանջը եւ վճարովի եթերաժամ տրամադրելու մասին տեղեկություն չի հրապարակել, ապա Դիտորդ մարմինն այս կապակցությամբ դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին, որի հրապարակած կարծիքի համաձայն, 1in.am կայքում Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախընտրական
շրջանում՝ մարտի 15-23-ն ընկած ժամանակահատվածում քարոզչական նյութերի տարածումը կատարվել է ԸՕ 20-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի, 20.1 հոդվածի 3-րդ մասի, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտումներով։
✓ Մասնավորապես, ըստ ՏՎԽ կարծիքի, հիմնավոր չէ մարտի 1-ին տարածած հայտարարությունում ներկայացված փաստարկն առ այն, որ 1in.am-ը ընտրություններին մասնակցող ուժերին վճարովի եթերաժամ չի տրամադրել, բայց պատրաստակամ է եղել բոլոր ցանկացող թեկնածուներին հյուրընկալել եւ լուսաբանում ապահովել։ Նախ՝ տեղի է ունեցել ժամկետի խախտում․ ըստ օրենքի՝ քարոզարշավի ընթացքում հարթակից օգտվելու վերաբերյալ տեղեկությունը պետք է հրապարակվեր փետրվարի 25-ից ոչ ուշ։ Բացի այդ, չի հստակեցվում, թե արդյո՞ք բոլոր թեկնածուները կարող էին անվճար տեղադրել իրենց նախընտրական տեսահոլովակը, ինչպես դա արվել է նրանցից մեկի պարագայում։ ՏՎԽ-ն եզրահանգել է նաեւ, որ խնդրո առարկա տեսահոլովակը հեռարձակելիս, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ լրատվամիջոցը պարտավոր էր
անընդմեջ պատկերել «Նախընտրական քարոզչություն» լուսագիրը, ինչը չի արվել։

Դիտորդ մարմինը հիշեցնում է ԴՄ Աշխատակարգի դրույթը, որ Ինքնակարգավորման նախաձեռնության անդամ 1in.am-ը սույն եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների պետք է հրապարակի լրատվամիջոցում եւ այդ մասին տեղեկացնի ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը։

Ծանուցում․ Դիմումի մեջ արծարծվում է Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածու Լեւոն Բարսեղյանի անունը, որը նաեւ Դիտորդ մարմնի անդամ է։ Այդ իսկ պատճառով, համաձայն ԴՄ աշխատակարգի, նա չի մասնակցել այս գործի քննությանը եւ որոշումների կայացմանը։

 




Լրահոս