
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ ժողովրդավարական երկրները պետք է սերտորեն համագործակցեն՝ կանգնեցնելու Չինաստանի և Ռուսաստանի կողմից համաշխարհային անվտանգության կանոնների խախտման փորձերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը։
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին օրերին Սինգապուրում անցկացվող «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովի շրջանակում հանդես են եկել մի շարք ելույթներով՝ ընդգծելով, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ու Պեկինի ու Մոսկվայի միջև խորացող կապերը սպառնում են գլոբալ կարգին։
«Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է»,-ասել է Կալասը՝ հավելելով, որ երբ Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարում են համատեղ իրականացվելիք փոփոխությունների մասին և երբ խոսում են անվտանգության գլոբալ համակարգի վերանայման մասին,բոլորը պետք է խիստ մտահոգվեն։
Կալասը մեղադրել է Չինաստանին ռուսական ռազմական մեքենային աջակցելու մեջ՝ նշելով, որ Ուկրաինայի դեմ կիրառվող երկակի նշանակության ապրանքների 80 տոկոսը մատակարարվում է հենց Չինաստանից։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն արդեն զգուշացրել է Չինաստանի սպառնալիքի մասին՝ ի դեմս Ասիայի մյուս երկրների։
«Եթե դուք անհանգստանում եք Չինաստանի համար, ապա պետք է անհանգստանաք նաև Ռուսաստանի համար»,– նշել է Կալասը։
Արևմտյան պաշտոնյաներն ընդգծել են նաև, որ երկու պետություններն ակտիվ մասնակցություն ունեն կիբեռհարձակումների, դիվերսիոն գործողությունների և ենթակառուցվածքներին ուղղված վտանգավոր քայլերին։
Կալասը կոչ է արել եվրոպացի և ասիացի գործընկերներին համատեղ պայքարել «ստվերային նավատորմերի» դեմ, որոնք շրջանցում են միջազգային պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել միջազգային ծովային անվտանգության կանոնակարգերը։
Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Պեկինին, որ եթե Չինաստանը չձեռնարկի միջոցներ Հյուսիսային Կորեայի՝ Ուկրաինայի պատերազմին մասնակցությունը կանխելու համար, ապա հնարավոր է՝ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր ներկայությունը Ասիայում։