«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Ծաղկաձորում ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված տնտեսական համաժողովին բացի 4 ուժերի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Խաչատուր Քոքոբելյանը: Եթե Իսագուլյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր՝ հաշվի առնելով նրա մոտեցումները, ապա Քոքոբելյանի մասնակցությունը, մեղմ ասած, զարմանալի էր: Քոքոբելյանն իրեն ու իր՝ «Ազատ դեմոկրտատներ»-ը ներկայացնում է որպես ծայրահեղ արեւմտամետ կուսակցություն, հանդես է գալիս Մաքսային միության անդամակցության քննադատությամբ: Այն դեպքում, երբ «հրաշալի քառյակ»-ը իշխանությունից ավելի ջերմեռանդորեն է պաշտպանում ՄՄ անդամակցությունը եւ, ընդհանրապես, Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ: Թե ով է Քոքոբելյանին համոզել, որ ՄՄ անդամակցությունն անշրջելի է, մնում է կռահել՝ հիշելով ֆորումի կազմակերպիչներին ու քաղաքական խնամիներին: Բայց գուցե ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ում հետ ծանոթությամբ սիրում է հպարտանալ Քոքոբելյանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։