2022 թվականից՝ արդեն 3 տարի, ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիր։
Համաձայն այդ հայտարարագրի՝ Խաչատուրյանն ունի 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Բնակարանն ու ավտոկայանատեղին գնվել է 2002 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Ձորաղբյուրում և Արաբկիրում գտնվող հողամասերը 2017 թվականին ժառանգություն է ստացել։
Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Վահագն Խաչատուրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 53 մլն դրամ և 650 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,2 մլն դրամ և 20 հազար դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 154 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 հազար դոլար և 10 հազար եվրո։
Խաչատուրյանն առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2022 թվականին որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, սակայն այդ ժամանակահատվածի համար հայտարարագրել է նույն անշարժ գույքը։
2021 թվականին բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 19,2 մլն դրամ։
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ ՀՀ այժմյան նախագահի կանխիկ դրամական միջոցները կազմել էր 15 հազար դոլար։
Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 19 մլն 558 հազար դրամ, որը ներկայիս աշխատանքի վարձատրությունից պակաս է գրեթե 2 մլն դրամով։ 2022 թվականին Խաչատուրյանի եկամուտները գոյացել են միայն աշխատանքի վարձատրությունից՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում և ԵՊՀ, ՇՏՀ, «Անտարես Հոլդինգ», այլ կազմակերպություններում աշխատելով։
Ուշագրավ փաստեր ՀՀ 5-րդ նախագահի կենսագրությունից
1992 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1996 թվականի փետրվարի 19-ը եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։
1995 թվականին ընտրվել է Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1996-1998 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական:
2000 թվականին եղել է «Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»-ի հիմնադիր անդամ:
2006 թվականին եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։
2013 թ.-ից մինչև 2022 թվականի փետրվար եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, Տնտեսական հանձնախմբի ղեկավար։
2019-2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի ազատ անդամ։
2020 թվականից տնտեսագիտության թեկնածու է:
2021 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
2022թ մարտի 3-ին Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ:
Էմմա Միքայելյան




























































































