
Պահպանողական պատմաբան Կարոլ Նավրոցկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրություններում:
Ըստ Reuters-ի՝ Նավրոցկին իր քարոզարշավի ընթացքում ստեղծել էր կոշտ քաղաքական գործչի կերպար՝ հրապարակելով տեսանյութեր, որտեղ նա հրաձգարաններում է կամ բռնցքամարտի ռինգում։
Քարոզարշավի ընթացքում Նավրոցկին հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը և ստացել ԱՄՆ նախագահի աջակցությունը։
Ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն՝ Նավրոցկին հաղթել է ձայների 50.89%-ով։
Ի տարբերություն Կենտրոնական Եվրոպայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպիսիք են սլովակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կամ հունգարացի Վիկտոր Օրբանը, Նավրոցկին աջակցում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։
Սակայն նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կհակադրվի Ուկրաինայի՝ արևմտյան դաշինքներին անդամակցության դիրքորոշմանը։ Այս դիրքորոշումը համահունչ է լեհերի շրջանում ուկրաինացիների հանդեպ աջակցության նվազմանը, քանի որ Լեհաստանն արդեն ընդունել է ավելի քան մեկ միլիոն փախստական։
Հիշեցնենք, որ նրա «Օրենք և արդարություն» կուսակցության աջակիցները մինչև 2023-ի վերջը պաշտպանում էին Կիևի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին արագ անդամակցության հարցում։
Քննադատները պնդում են, որ Նավրոցկին սրում է ուկրաինացի փախստականների հարցը, ասելով.«Լեհաստանն առաջին հերթին»։
«Եկեք օգնենք մյուսներին, բայց նախ հոգ տանենք մեր քաղաքացիների մասին», – ապրիլին գրել էր նա իր սոցիալական ցանցերում։