Ինչպես օրերս նկատել էր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` այս օրերին Ուկրաինայում զգալի չափով որոշվում է նաև Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը:
Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ Ուկրաինայում Ռուսաստանի պարտության և Արևմուտքի հաղթանակի դեպքում Հայաստանը կարող է ազատվել ռուսահպատակությունից և հայացքը կրկին ուղղել դեպի Եվրոպա:
Ցավոք, նման հեռանկարը դեռ երկար ժամանակով կարելի է բացառել: Մեզ համար ուկրաինական զարգացումների հետևանքները կարևորվում են զուտ մեր «սենյորի» առավել ուժեղանալու կամ թուլանալու ազդեցության տեսանկյունից:
Ի վերջո. մի բան է լինել ուժեղ «սենյորի» «վասալ», մեկ այլ բան` մեկուսացած և տնտեսապես թուլացած պետության:
Այս իմաստով բավականին դժվար է կանխատեսել, թե դեպի ո՞ւր են տանում Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի արևելքում:
Ինչպես հայտնի է` երեկ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օ. Տուրչինովը հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի դաշնայնացման հարցով համազգային հանրաքվեին:
Այն կարող է անցկացվել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ միասին: Վերջին օրերին երկրի արևելյան շրջաններում ծավալվող իրադարձություններից հետո սա դիտարկվեց որպես Ուկրաինայի գործող իշխանությունների կողմից փոխզիջման կարևոր քայլ:
Սակայն օրվա վերջում հայտնի դարձավ, որ Տուրչինովը ստորագրել է երկրի արևելքում հատուկ հակաահաբեկչական գործողություններ սկսելու մասին հրամանագիրը, որով գործի է դրվելու Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ նախօրեին ընդունած որոշումը`«ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհապաղ միջոցառումների մասին»:
Այս որոշումն արդեն իսկ բազմաթիվ փորձագետների, ինչպես նաև երկրի նախկին նախագահ Վ. Յանուկովիչի կողմից որակվել է որպես երկրում քաղաքացիական պատերազմի սկիզբ:
Թե ինչպիսի՞ հետևանքներ կունենան ՄԱԿ-ի և միջազգային կառույցների հավանությամբ անցկացվող այդ «հակաահաբեկչական միջոցառումները», պարզ կդառնա առաջիկայում:
Սակայն այսօր արդեն ակնհայտ է մեկ բան. իրադարձությունների զարգացման ցանկացած տաբերակի դեպքում Ռուսաստանը տնտեսապես տուժելու է, որն էլ անմիջականորեն անդրադառնալու է Հայաստանի՝ առանց այդ էլ աղետալի վիճակում գտնվող տնտեսության վրա:
Արդյո՞ք մեր իշխանությունները գիտակցում են դա, և արդյոք նորանշանակ կառավարության ղեկավարն ու ձևավորվելիք կաբինետն ի վիճակի կլինեն դիմագրավել սպասվելիք մարտահրավերները:
Այս հարցերին լավատեսական պատասխաններ տալու համար, ցավոք, հիմքերը բացակայում են: Առավել ևս, որ առաջիկայում չարժե հույս դնել նաև միջազգային կառույցների ֆինանսական աջակցության վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, թերևս, այդ խողովակներով Հայաստան փող բերելը շատ կդժվարանա: