Սերժ Սարգսյանը մեզնից առաջ ընկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև կառավարության հրաժարականը ԲՀԿ-ն հայտարարել էր, որ իրենց օրակարգում չկա Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:

Այս հայտարարության վերաբերյալ քառյակի անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որևէ մեկնաբանություն չէր արել, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ դրա վերաբերյալ դեռևս կլինի ներկուսակցական քննարկում:

Armlur.am-ը ԲՀԿ-ի դիրքորոշման շուրջ զրուցեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ, ում գնահատմամբ՝ իրենց հայտարարության շուրջ ԲՀԿ-ի կեցվածք չունենալը շատ բնական գործընթաց է:

Բացի այդ, նա ասաց, որ մինչև կառավարության հրաժարականը ԲՀԿ-ն հայտարարել էր, որ իրենց օրակարգում չկա Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ ՀԱԿ-ի օրակարգում միշտ եղել է այն, ինչ հայտարարել են երեկ. «Մենք միշտ մեր օրակարգով ենք շարժվել և գտել, որ դա է ճիշտը: Համոզված եմ, որ մեր գործընկերներն էլ կհամոզվեն, դրանում, որովհետև անձի փոփոխությամբ՝ ոչինչ չի փոխվում»:

Նրա համոզմամբ՝ այսօր կարևորը հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն, այլ՝ գործողությունները, որոնցից էլ կախված՝ եզրակացություններ կարվեն՝ ով ի՞նչ է անելու, ով ո՞ւմ հետ է անելու:

Մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանը ռեժիմի մի մասն է և եթե ԲՀԿ-ն չի դնում նրա հրաժարականը, ինչպե՞ս կլինի հետագա համագործակցությունը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Լինում է չէ, մինչև հիմա եղել է, որևէ խնդիր չկա, այնպես չէ, որ բոլորիս ցանկությունը միանգամից համընկնի, միանգամից արվի, իհարկե, լավ կլինի, որ լինի, բայց հիմա քննարկում ենք, իրավիճակ ենք գնահատում, դրանից ելնենով՝ պլանավորում ենք մեր գործողությունները: Մենք պետք է ունենայինք արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով, հիմա չենք անում, որովհետև Սերժ Սարգսյանը մեզնից առաջ ընկավ, ինքը պարտադրեց կառավարության հրաժարականը»:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի վարչապետությանը, ապա մեր զրուցակցի համոզմամբ՝ Քրիստոսին էլ եթե բերեն, այսօր Հայաստանում տնտեսության վիճակը չի փոխվի, եթե ամբողջական համակարգը չփոխվի, քանի որ քաղաքականությունը և տնտեսությունը իրար հետ խիստ կապված են:

Անուշ Ամիրբեկյան




Լրահոս