Ժողովրդից հարցրեք՝ ո՞ր Սրբազանը չպահեց իր ուխտը. սպասե՛ք փաստերի, մի օր դա էլ կլինի. ՔՊ-ական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետռեգիստրի տվյալների համաձայն՝ Հայաստանում գործում է ավելի քան 50 կրոնական կառույց, որոնք լայն գործունեություն են ծավալում, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում: Այս կրոնական կառույցներից ամենաշատ հետևորդներն ունեն Եհովայի վկա, Կյանքի խոսք, Ավետարանական եկեղեցի, Հայ եղբայրության եկեղեցի կառույցները:

Առաջին քրիստոնեական պետությունում անտեսելով այս 50 կրոնական կառույցների առկայությունը՝ պետական մակարդակով պարբերաբար քար է նետվում միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հետևորդների և հոգևոր դասի նկատմամբ: Ինչո՞ւ թիրախավորվեց հենց ՀԱԵ-ն՝ ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը պարզաբանում է հետևյալ կերպ.

-Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորված չէ. թիրախավորված են կամ թիրախավորվում են կոնկրետ որոշակի հոգևորականներ ու, դա, բնավ, ՀԱԵ-ի հետ կապելու խնդիր չէ: Եկեղեցին պետք է մաքրվի այն մարդկանցից, որոնք, իբրև թե, ծառայում են Աստծուն, բայց իրականում չեն պահում բոլոր պատվիրաններն ու մնացածը: Ինչքան էլ մենք բոլորս մեզ միամիտի տեղ դնենք, լավ էլ, բոլորս բոլորի մասին ամեն ինչ գիտենք: Սա փաստենք:

Կրոնական կառույցների առկայությունն էլ պայմանավորված է նրանով, որ ՀԱԵ սպասավորներն զբաղված են եղել Աստված գիտի ինչով: Դրա համար էլ այսօր ունենք այդքան կրոնական կառույցներ: Եթե Եկեղեցու սպասավորները կարողանային, ինչպես կարգն է ծառայություն մատուցել, իրենք օրինակ ծառայեին, ապա այսօր չէին լինի այդքան կրոնական կառույցները:

-Ինչո՞ւ հենց ՀԱԵ-ն, այլ ոչ ասենք՝ «Կյանքի խոսք»-ը: Մյուս կրոնական կառույցների մոտ թերություններ չկա՞ն:

-Մենք ինչու պիտի մտնենք կրոնական կառույցների մեջ: Մենք ՀԱԵ հետևորդներ ենք, և մեր խնդիրը Եկեղեցու միջավայրը մաքուր պահելն է: Ես՝ որպես հավատացյալ, ՀԱԵ հետևորդ, ինձ համար շատ տհաճ է այս ամեն ինչը: Սա ինձ համար շատ զգայուն թեմա է:

-Հոգևոր դասին վարկաբեկել առանց ապացույցների՞: Ժողովուրդն ապացույց է պահանջում:

-Փաստերը կան: Ժամանակի ընթացքում, ինձ թվում է, փաստերը կհրապարակվեն: Նորից եմ ասում՝ բոլորս բոլորի մասին ամեն ինչ գիտենք: Ժողովուրդն ինքն էլ տեղյակ է՝ ինչ է կատարվում:

-Նշեցիք, որ ՀԱԵ հետևորդ եք Ձեզ համարում: Ձեզ համար չուլանացվա՞ծ են մեր եկեղեցիները: Նմա՞ն են գոմի, և եթե այդպես է, ԿԳՄՍՆ-ն այստեղ ի՞նչ ունի անելու։

-Դուք բառերից եք կախվում: Կոնկրետ տեսել եք՝ եկեղեցիների նկարներ էլ են եղել, որտեղ ձեր ասած փաստերը, նկարներով ապացուցված են և բոլոր լրատվական դաշտերը ձեր ասած փաստն ու ապացույցը տեսել են:

Այնուամենայնիվ, ոչ մեկ չհերքեց կուսակրոնության փաստը: Այն ամենն ինչի մասին խոսվում է, եկեղեցին էլ չի հերքում, ուղղակի, սլաքները տանում են, որ ասեն եկեղեցին է թիրախավորված: Ես խնդրում եմ բոլորիդ ուշադիր կարդալ բոլորի գրառումները, ելույթները և կտեսնեք, որ Եկեղեցին, բնավ, չի թիրախավորվում, այլ թիրախավորվում են այն մարդիկ, որոնք Եկեղեցու անվան տակ զբաղված են Աստված գիտի ինչով:

-Ե՞րբ եք պատրաստվում փաստերը ժողովրդին ներկայացնել:

-Չկա այնպիսի խոսույթ, որի մասին մենք խոսել ենք ու չի ապացուցվել կամ մնացել է առանց ապացույցի, բայց և այնպես, նկատի ունենանք, որ հենց այդ հոգևոր դասը խախտեց Եկեղեցու և պետության հարաբերությունները, երբ սկսեցին զբաղվել քաղաքականությամբ: Չգիտեմ՝ իրենց նպատակն ինչն է եղել, բայց լավ կլինի հասկանան՝ իրենք եկեղեցակա՞ն են, թե՞ քաղաքական գործիչ: Եթե մտել են քաղաքականության դաշտ, պետք է պատրաստ լինեն իրենց մասին լսել այն ամենը, ինչ որ իրենք են խոսում Կառավարության, իշխանության, ժողովրդի մասին: Անցած տարի Սրբազանից ինչ տեսակ խոսք ասես լսեցինք: Այնպես որ հիմա էլ թող պատրաստ լինել մեզանից նույնը լսելու:

-Բայց առայժմ չե՞ք պատրաստվում փաստեր ներկայացնել:

-Փաստեր կան: Այնպիսի բաներ են, որոնց մասին ժողովուրդն ա խոսում: Խորհուրդ կտամ այդ ժողովրդից հարցնեք ու ունենաք այդ փաստերը:

-Բայց չէ՞ որ երկրի վարչապետն է հայտարարել բարձրաստիճան հոգևորականների կուսակրոնության ուխտը չպահելու մասին հանգամանքը:

-Ես գիտեմ՝ ով ա հայտարարել ու ինչի մասին ա հայտարարել: Երկրի վարչապետը երբեք չճշտված ինֆորմացիա չի հայտարարի: Այնպես որ կարող եք սպասել և մի օր դրա ապացույցն էլ գուցե լինի: Ոչ մեկ, ամեն դեպքում, հենց հեղինակներից չի հերքել այդ փաստը: Եթե լիներ զրպարտություն, գոնե նեղություն կքաշեին՝ կհերքեին, բայց գիտեն, որ չեն կարող հերքել: Դրանից լավ ապացույց երևի թե չկա:

– Ո՞ր Սրբազանին նկատի ունեք:

-Ինձ թվում է, տվյալը մարդը գիտի ում մասին է և ինչի մասին:

Նանիկ Աղասյան




Լրահոս