Armenian text to speach

Թաիրով համայնքի ջրամատակարարումն իրականացվել է Արարատյան խորքային հորերից. «Վեոլիա Ջուր»-ը հանդես է եկել պարզաբանմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս ArmLur.am լրատվականին ահազանգել էին Արմավիր մարզի Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրի բնակիչներն այն մասին, որ շուրջ մեկ ամիս է, ինչ նրանք զրկված են մաքուր, խմելու ջրից:

Ահազանգի հետքերով ArmLur.am-ն այցելել էր Թաիրով համայնք՝ զրուցելու բնակիչների հետ՝ առավել մանրամասն խնդրին տեղեկանալու համար: ArmLur.am-ի հետ զրույցի ժամանակ բնակիչները շեշտում էին, որ ջրավազաններին տրամադրելու նպատակով են ամռանը փոխում ջրերը:

Նրանք նաև նշեցին, որ խնդիրն առաջացել է «Վեոլիա Ջուր» ընկերությունից օգտվելուց հետո:

Տեղի ունեցածի վերաբերյալ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ.

«Տարիներ շարունակ ամռան ամիսներին Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով համայնքի ջրամատակարարումն իրականացվել է Արարատյան խորքային հորերից:

2017 թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» Ընկերությունը, ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել տվյալ և հարակից տարածքների ջրամատակարարումը և սկսել է այստեղ իրականացնել ջրամատակարարում Գառնու, Արզականի աղբյուրներից, որոնք իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում են խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից:

Ամռան ամիսներին, շոգ եղանակի հետ կապված, ջրապահանջի ծավալների աճով պայմանավորված մեծանում է ջրասպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը ուղղակիորեն չի բավականացնում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար, ուստի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից:

Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներն:

Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը: Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջրերից:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար»։

Նանիկ Աղասյան




Լրահոս