Հնդկաստանի Բենգալուրու քաղաքի կրիկետի մարզադաշտի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մարզադաշտում միջոցառում է անցկացվել՝ նվիրված «Ռոյալ Չելենջերս Բենգալուրու»-ի կողմից Հնդկաստանի Պրեմիեր լիգայի առաջին տիտղոսի նվաճմանը։
Հունիսի 3-ին Բենգալուրուն մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթել է «Փունջաբ Քինգս»-ին։
Ըստ հեռուստաալիքների հրապարակած կադրերի՝ հազարավոր մարդիկ, որոնցից մի քանիսը թափահարում էին թիմի կարմիր դրոշը, շարվել էին քաղաքի կենտրոնում գտնվող Չինասվամի մարզադաշտ տանող փողոցներում, երբ կրիկետի թիմը երեկոյան ավտոբուսով ժամանել է մրցավայր։
Հրմշտոցներից հետո տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը մի վիրավոր հանդիսականի տեղափոխում շտապօգնության մեքենա, իսկ այլ մարդիկ հավաքված են մեկ այլ անձի շուրջը, որը, կարծես, անգիտակից վիճակում ընկած է գետնին։
Հնդկաստանում տարբեր միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ կրոնական, երբ մեծ բազմություն է հավաքվում, հրմշտոցներն ու այլ պատահարները հազվադեպ չեն։
Հունվարին Մահա Կումբհ հինդուիստական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ զոհվել էր առնվազն 30 մարդ, երբ տասնյակ միլիոնավոր մարդիկ հավաքվել էին սրբազան ջրերում լողալու։


























































































