2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաղարշապատ համայնքի պաշտոնակատար նշանակվեց ‹‹Քաղաքացիական պայմանագիր›› կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը:
Շուրջ 7 տարի պաշտոնավարելուց հետո Դիանա Գասպարյանը միայն վերջերս հայտարարեց, որ վայր է դնելու մանդատը՝ որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:
Հրաժեշտի իր խոսքում Գասպարյանը նշել էր, որ հեռացման պատճառն անձնական խնդիրներով է պայմանավորված և, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել նորաստեղծ ընտանիքին ու մանկահասակ երեխային:
Հավելենք, որ համայնքապետը վերջին շրջանում հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում՝ Էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո, որն, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է համայնքապետի ամուսնու հորը:
Նշենք, որ ՏԻՄ օրենքը թույլ է տալիս վարչապետին նշանակել համայնքի ժամանակավոր պաշտոնակատար: Ե՞րբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները դեռ պարզ չէ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն էլ տեղեկացրեց, որ առայժմ Կառավարությունից նշանակված չի ընտրություն, ուստի՝ ԿԸՀ-ն գործառույթ չունի:
Ո՞վ է լինելու Էջմիածնի հաջորդ համայնքապետը դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ն առայժմ չի խոսում Էջմիածնում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, քանի դեռ չունի համապատասխան համայնքապետի թեկնածու կամ էլ գուցե վախեցած է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների արդյունքից:
Նանիկ Աղասյան
























