Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը գնալով աղմկահարույց է դառնում:
Նախաքննական մարմինը փորձում է ապացուցել, որ այս սպանության հետևանքով հետագայում սպանված Մովսես Ներսիսյանի դիակը Իսրայել Սարգսյանը նետել է Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Դրանից հետո դին կորել է:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում տեղի է ունեցել 42-ամյա Արթուր Սաֆարյանի՝ քրեական հեղինակություն Թևոսի եղբոր սպանությունը:
Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Տիգրան Ասատրյանը և Մովսես Ներսիսյանը, ում հայտնաբերել չէր հաջողվել:
Քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Այնուհետև Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, սպանել է Մովսես Ներսիսյանին, ում դիակն այժմ հայտնաբերել չի հաջողվում:
Armlur.am-ի հետ զրույցում մեղադրյալ Տիգրան Ասատրյանի շահերի պաշտպան Վարդուհի Էկբակյանը զարմանք հայտեց, թե ինչպես կարող է տեղեկատվություն տարածվել, թե իր պաշտպանյալը կդատապարտվի մոտ 15 տարվա, իսկ Իսրայել Սարգսյանը՝ ցմահ ազատազրկման:
«Ի սկզբանե նախաքննական մարմինը տարածել է ինֆորմացիա, որ իբրև Իսրայել Սարգսյանն սպանել է Մովսես Ներսիսյանին և տարել գցել է Քանաքեռավանի դիտահորը: Բայց և՛ ես, և՛ Իսոյի պաշտպան Գայանե Գալոյանը բազմիցս ասել ենք, որ սպանություն չի եղել հաստատ, և Մոսոյին պետք է փնտրել ողջերի մեջ, ոչ թե մեռածների: Իսկ նախաքննությունն այս գործի մասով ընդհանրապես գաղտնի չի ընթանում, քանի որ նախաքննական մարմիններն այնքան ինֆորմացիա տվեցին, ինչ-որ կադրեր, որ նույնիսկ չենք հասկանում` ովքեր են, բայց մեզ` որպես պաշտպաններ, դեռևս ոչ մի ապացույց չի ներկայացվել»,- ասաց Էլբակյանը:
Այդուհանդերձ, Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահներն ընկել են այն հետքի վրա, որ Մովսես Ներսիսյանը՝ Մոսոն, Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի հետ իր մեքենայով գնացել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո) պատկանող Զովունիում գտնվող սաունա:
Նշենք, որ դե ֆակտո պատգամավորին պատկանող այս օբյեկտի յուրաքանչյուր առանձնասենյակ ունի առանձին մուտք՝ առանձին համարակալված դարպասով: Սրանք սարքված են այնպես, որ ելումուտ անողների «գաղտինությունն» ապահովված լինի: Այսինքն` հստակ որևէ մեկը չի կարող ասել, թե հեռակառավարվող դարպասներից ներս մտնող մեքենայից քանիսը ներս մտան, քանիսը` դուրս եկան:
Առավել հստակ պատկերացնելու համար ստորև ներկայացնում ենք Armlur.am-ի տեսանյութն ու ֆոտոշարքը:
Սաունայի սեփականատիրոջ` Ռուբեն Գևորգյանի մեկնաբանությունն ու պարզաբանումները դեպքի առթիվ Armlur.am-ին պարզել չհաջողվեց, քանի որ պատգամավորն իր հեռախոսահամարը փոխանցել է վարորդին: Վերջինս էլ մեզ հայտնեց, որ առաջիկա 4 ժամվա ընթացքում չենք կարող խոսել իր «շեֆի» հետ և նրա մոտ ուրիշ հեռախոսահամար չկա: Այնուհետև արդեն չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:
Ինչևէ, ինչպես Armlur.am-ին հաջողվեց պարզել համալիրի մոտակայքում արված հարցուփորձից, Իսոն Մոսոյի հետ գնացել է սաունա, սակայն դուրս է եկել միայնակ: Նա, ըստ ամենայնի, սպանել է Մոսոյին, հետո փորձել լվանալ սաունայում մնացած արյան հետքերը, սակայն պատերը մաքրել չի հասցրել: Եվ ահա սաունայի պատերին արյան կետիկներ են մնացել, ու այդ հետքերով էլ իրավապահները լրջագույն եզրահանգումներ են արել:
Ըստ նույն աղբյուրից ստացված տեղեկության՝ սպանելուց հետո հետքերը վերջնականապես վերացնելու համար, Իսոն Մոսոյի դիակը տեղափոխել է Քանաքեռավան և նետել կոյուղու դիտահորերից մեկը:
Ինչպես հայտնի է, կոյուղում գերակշռում է գազի քանակությունը, իսկ դա հանգեցնում է յուրաքանչյուր կենդանու կամ առարկայի քայքայման:
Armlur.am-ի տեղեկություններով՝ հենց դա է պատճառը, որ դին մինչ օրս չի հայտնաբերվում: Ավելին, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ իրավապահներն ու փրկարարները կոյուղու խողովակի մեջ հատուկ սարքավորումներով կենդանիներ և այլ առարկաներ են գցել, որպեսզի հասկանան, թե ինչ կլինի: Սակայն շատ չանցած կենդանիները քայքայվել և անհետացել են:
Armlur.am-ի տեղեկություններով՝ վերջին անգամ որոնման աշխատանքներ կատարողները մոտ 100 կիլոգրամանոց խոզ են նետել խողովակի մեջ՝ դարձյալ հատուկ սարքավորումներով, սակայն խոզը ևս ճանապարհի կեսից կորել է: Սարքավորումները խափանվել են:
Այս փորձից հետո իրավապահներն այն եզրահանգման են եկել, որ Մոսոյի` կոյուղու դիտահորում հայտնված դիակը քայքայվել և կորել է, ինչի հետևանքով այն գտնել չի հաջողվում:
Ինչևէ, իրավապահները դեռ շարունակում են փնտրել Մոսոյին. համենայն դեպս, պաշտոնապես այդպես է հաղորդվում:
Տաթև Հարությունյան