Հունիսի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր, իսկ Հայաստանում այն միաժամանակ նշվում է նաև որպես Բնապահպանի օր՝ առանձնահատուկ ընդգծելով բնության պահպանության գործում ներգրավված մասնագետների ու յուրաքանչյուրիս դերը։
Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, այս տարվա թեման կարևոր ու հրատապ խնդիր է՝ պլաստիկի աղտոտման վերացումը։
Տարեկան ավելի քան 11 միլիոն տոննա պլաստիկ թափոններ հայտնվում են ջրային էկոհամակարգերում՝ վնասելով կենդանական աշխարհը, աղտոտելով սննդաշղթան, նաև խաթարելով հողի ու ջրի որակը։
Այս տարի միջոցառումների գլոբալ հարթակը հյուրընկալում է Կորեայի Հանրապետությունը, որը վերջին տարիներին մեծ հաջողություններ է գրանցել պլաստիկի կառավարման, վերամշակման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Ի՞նչ կարող ենք անել մենք՝ հասարակ մարդիկ
➤ նվազեցնել միանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը՝ փոխարինելով այն բազմակի օգտագործման տարաներով, շշերով, տոպրակներով,
➤ տարանջատել թափոնները՝ վերամշակման նպատակի համար,
➤ տարածել տեղեկություն, ոգեշնչելով շրջապատին՝ մեր օրինակով,
➤ մասնակցել բնապահպանական միջոցառումներին,
➤ տեղեկացված լինել մեր շրջակա միջավայրի մասին՝ ջրի, օդի, հողի վիճակը հասկանալու և ավելի գիտակցված քայլեր ձեռնարկելու համար։
Շրջակա միջավայրի պահպանությունը մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ այսօր և ապագա սերունդների համար։
Եկե՛ք միասին փորձենք ավելի մաքուր ու առողջ մոլորակ թողնել մեր երեխաներին։























































































