Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի մի քանի միաբաններ մեկնեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն և Սփյուռքի թեմեր` իրենց մասնակցությունը բերելու Ավագ շաբաթվա արարողություններին:
Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը և Կադրերի բաժնի տնօրեն Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանն Ավագ շաբաթը կանցկացնեն Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում:
Հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը և Եկեղեցական ժողովական կառույցների գրասենյակի պատասխանատու Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը կմեկնեն Գերմանիայի հայոց թեմ, Քահանայից լսարանի ավագ վերակացու Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը այս օրերին իր հոգևոր ծառայությունը կբերի Կրետեի հայ համայնքին:
Քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավորներ Գևորգ սարկավագ Ալավերդյանն ու Սամվել սարկավագ Հարությունյանը Ս. Զատկի տոնակատարություններին իրենց սպասավորությունը կբերեն Ռումինիայի հայոց թեմում: