Կառավարությունը հաստատել է Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը, որի նպատակն է նպաստել հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը և առևտրում արտահանման աշխարհագրության ընդլայնմանը, արտաքին շուկաների մատչելիության ապահովմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման համար կատարված վճարները։
Միջազգային շուկաներ դուրս գալու սկզբնական փուլում գործարարները բախվում են արտադրանքի համապատասխանության գնահատման նպատակով տրամադրվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի հետ կապված ծախսերի խնդրին։ Դրանք հաճախ վաճառքի ծավալներից անհամարժեք մեծ են, սակայն կարևոր են և կարող են հանդիսանալ երաշխիք արտադրանքի՝ անվտանգության նվազագույն չափանիշներին համապատասխանության, իսկ որոշ դեպքերում՝ բարձր որակն ու մրցունակությունն ապացուցելու համար։
Արտադրանքի սերտիֆիկացման կամ փորձարկման աջակցության տրամադրումը կնպաստի առևտրի դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն և արտադրանքի արտահանման ծավալների աճին: Որոշմամբ առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման ծախսերը, որոնք իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված համապատասխան դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։ Երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտադրանքի համապատասխանության գնահատման համար պահանջվող ծախսի մասով հարցում է արվել ՀՀ-ում միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիաներին և արտահանող կազմակերպություններին, որոնց կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն ընտրվել են սերտիֆիկացման և փորձարկման համար նախատեսված գների միջինացված արժեքները՝ առաջնորդվելով ծառայությունների շուկայական գների ընտրության տրամաբանությամբ։ Արդյունքում՝ կարդիականացվեն հայաստանյան արտադրողների բիզնես գործընթացները, որի արդյունքում կապահովվի արտադրանքի արտահանման ծավալների աճը, կբարելավվի հայկական արտադրանք արտադրող կազմակերպությունների արտահանմանն ուղղված տնտեսական բեռը, ինչը կնպաստի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը: Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվի մոտ 500 տնտեսավարող, որոնք արտահանման նպատակով տարեկան կտրվածքով կիրականացնեն մոտ 4 գնահատում (փորձարկում կամ սերտիֆիկացում)՝ 100.000 դրամ միջին գնով։
Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը հաստատել է Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը, որի ընդունման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի որակի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտադրության մեջ ներդրված որակի կառավարման համակարգի ներդրման, պահանջներին համապատասխան սերտիֆիկացման դիմաց կատարված վճարները։ Տնտեսավարողների արտադրական գործընթացներում որակի կառավարման նորագույն համակարգերի ներդրումը կնպաստի հայաստանյան ընկերությունների արտադրանքի որակի բարձրացմանը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կբարելավվի արտադրանքի որակը՝ համապատասխանելով ազգային և միջազգային լավագույն ստանդարտներին, կկրճատվեն հայաստանյան արտադրողների՝ արտադրանքի արտադրության գործընթացի կազմակերպման և որակի հետ կապված ծախսերը, ինչի արդյունքում կբարելավվի հայկական արտադրանքի որակը:






























