Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին:
Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։
Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։
Հիշեցնենք, որ Գոհար Աբաջյանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինն է:
Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունիսի 4-ին գրել էր, որ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային կենտրոնի ղեկավար է նշանակվել Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։
Հոդվածը՝ «Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ»» վերտառությամբ։





























