Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Մոսկվայում հայտարարել է, որ 2024 թվականին Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողը։
Դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իրանի գազային ոլորտում ռուսական ներդրումները շուտով կհասնեն 8 միլիարդ դոլարի։ Այս գումարից 5 միլիարդը կներդրվի արդեն իսկ հաստատված պայմանագրերի շրջանակում, իսկ մնացած մասի վերաբերյալ համաձայնագրերը կստորագրվեն առաջիկայում։
2022-2023 ֆինանսական տարում Ռուսաստանն Իրանի տնտեսությունում ներդրել է 2.76 միլիարդ դոլար՝ դառնալով երկրի խոշորագույն ներդրողը։ Նույն ժամանակահատվածում Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 4.2 միլիարդ դոլար։
2025-ի հունվարին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հաստատել է, որ երկու երկրները համաձայնության են եկել Ադրբեջանի տարածքով անցնող գազատարի երթուղու շուրջ։ Սկզբնական շրջանում մատակարարման ծավալը կկազմի 2 միլիարդ խորանարդ մետր՝ հետագայում հասնելով մինչև 55 միլիարդի։
Ըստ Ջալալիի՝ Իրանն արդեն պատրաստել է ռուսական գազի տարանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների 90 տոկոսը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը Կատարի ու Թուրքմենստանի հետ քննարկում են էներգետիկ հանգույցի ստեղծման հնարավորությունը։
Անի Վարդանյան






























