
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասով վարույթ է հարուցել, ապա նրան ազատել վարչական պատասխանատվությունից և բանավոր դիտողություն է տվել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմք ընդունելով ArmLur.am-ի 2024 թվականի հուլիսի 10-ի «Ինչպես է ՀՀ Ֆինանսների նախարարը մեկ տարում 1 մլն դոլար վարկը» և Civilnet.am կայքի 2024 թվականի հուլիսի 23-ի «Ֆինանսների նախարարի հայտարարագրում՝ բազմաթիվ անճշտություններ» վերտառությամբ հրապարակմամբ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքները, իրականացրել է ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերի վերլուծություն, որի արդյունքում, ի թիվս այլնի, Հանձնաժողովը հայցել է պարզաբանումներ և հիմնավորող փաստաթղթեր՝ 15/09/2004 թվականից Վահե Հովհաննիսյանին պատկանող՝ Երևանում գտնվող բնակարանի վերաբերյալ, որի տվյալները իր հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում չհայտարարագրելու, ինչպես նաև 2021, 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերի «Էլեկտրոնային հաշիվների և կրիպտոարժույթ» բաժնում հայտարարագրված կրիպտոարժույթի մնացորդների միջև արձանագրված անհամապատասխանության վերաբերյալ։
2025 թվականի հունվարի 10-ին Հանձնաժողով է մուտքագրվել Վահե Հովհաննիսյանի պարզաբանումը։
Պարզ է դարձել, որ հայտարարագրում առերևույթ առկա են սխալ կամ ոչ ամբողջական ներկայացված տվյալներ, մասնավորապես «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրված չեն տվյալներ Երևանում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ, իսկ «Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ» բաժնում հայտարարագրված չեն տվյալ տարվա սկզբի դրությամբ առկա կրիպտոարժույթի վերաբերյալ։
Մի շարք ուսումնասիրություններից, պարզաբանումներից և հրապարակումներից հետո Հանձնաժողովը որոշում է կայացրել Վահե Հովհաննիսյանին ազատել վարչական պատասխանատվությունից՝ հայտարարելով բանավոր դիտողություն։
Հանձնաժողովը որոշել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Վահե Հովհաննիսյանին տրամադրել եռօրյա ժամկետ՝ 2022 և 2023 թվականների պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրերի համապատասխան բաժնում ուղղում կատարելու համար։
Էմմա Միքայելյան