10 փոփոխություն ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ:

Շուրջ 20 օրերի ընթացքում արվել են հետևյալ բարեփոխումները.

1. Այսուհետ համապատասխան մատյանում պարտադիր կերպով կնշվի ձերբակալվածների ընդունման ժամը` բացառելով ձերբակալվածներին սահմանված ժամից ավել պահելու հավանականությունը:

2. Խցում եղած անբարեկարգ վիճակը շտկելու համար կատարվել են համապատասխան վերանորոգման աշխատանքներ:

3. Նախկինում կարգավորված չի եղել ձերբակալված անձանց զանգերի իրավունքի ապահովման հարցը, այժմ արդեն տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կկարողանան զանգել:

4. Ձերբակալվածների տեսակցությունները իրենց հարազատների հետ կկանոնակարգվեն և դրանց օրերն ու ժամերը ֆիքսելու համար կլինեն հաշվառման մատյաններ:

5. Պաշտպանը մտահոգություն է հայտնել ձերբակալված անձանց՝ 72-ժամից ավել պահելու հավանականության վերաբերյալ, որի արդյունքում ԱԱԾ տնօրենի կողմից հանձնարարվել է, ԱԱԾ քննչական վարչության հետ համագործակցությամբ, խստագույնս բացառել դրա հնարավորությունը:

6. Իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացումը խցի բնակելի մասից:

7. Զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան:

8. Նախկինում ձերբակալված անձանց համար չի նախատեսվել ճաշացանկ, այսուհետ այն կփակցվի համապատասխան վայրում:

9. Խցում եղել է 2 մահճակալ, որից մեկը դուրս է բերվել՝ ապահովելու համար Օրենսդրությամբ սահմանված մեկ անձի համար նախատեսված 4 քմ պահանջը:

10. Բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով այսուհետ կարձանագրվեն հարցաքննությունից հետո ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը:

Նշված խնդիրներն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից:

Օմբուդսմենը կարևորում և բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում:

Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս