Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին դաշնակից, միլիարդատեր Իլոն Մասկի միջև բռնկվել է հրապարակային սուր վեճ՝ կապված Թրամփի հարկային և ներքին քաղաքականության մասշտաբային օրինագծի շուրջ։
Լարվածությունն սկսվել է երեքշաբթի օրը, երբ Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ օրինագիծը» որակել է որպես «զզվելի պղծություն»՝ անակնկալի բերելով հանրապետական առաջնորդներին։
Միլիարդատերը սրել է հակամարտությունը՝ սկսելով հրապարակել Թրամփի և հանրապետական այլ օրենսդիրների տարիներ առաջ արված մեկնաբանությունները՝ կապված ԱՄՆ կառավարության ծախսերի և դեֆիցիտի վերաբերյալ մտահոգությունների հետ։
Իսկ Թրամփը նույնիսկ բարձրաձայնել է Մասկի ընկերությունների հետ կառավարության պայմանագրերը դադարեցնելու հարցը։
«Ես դեմ չեմ, որ Իլոնը դեմ է գնում ինձ, բայց նա պետք է դա աներ ամիսներ առաջ»,- իր Truth Social սոցիալական հարթակում գրել է Թրամփը՝ բողոքելով, որ հակամարտությունը ծագել է հենց այն պահին, երբ իր վարչակազմը փորձում է ընդունել այդ կարևոր քաղաքական օրինագիծը։
Դրանից կարճ ժամանակ անց Մասկը կոչ է արել իմփիչմենտի ենթարկել Թրամփին, սպառնացել է շահագործումից հանել SpaceX Dragon տիեզերանավը, որը ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին վերադարձրել է Միջազգային տիեզերական կայանից, և հայտարարել, որ նախագահի սահմանած մաքսատուրքերը տարվա վերջում տնտեսական ճգնաժամ կառաջացնեն։
Հակամարտությունը ցույց է տալիս, թե որքան են վատթարացել Թրամփի և աշխարհի ամենահարուստ մարդու հարաբերությունները՝ օրինագծի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Հիշեցնենք, որ մինչև վերջերս Մասկը նախագահի ամենահաստատակամ աջակիցներից էր և Սպիտակ տան մշտական այցելուներից։ Անցյալ շաբաթ կառավարությունում իր աշխատանքի ավարտին նվիրված միջոցառման ժամանակ Մասկը հայտարարել էր, որ կմնա «Թրամփի վարչակազմի բարեկամն ու խորհրդատուն»։
Անի Վարդանյան


























































































