Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական եւ գործընկերության կոմիտե + Հայաստան ձեւաչափով հանդիպմանը:
Հանդիպումը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը:
Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները, քննարկվել են եւ համաձայնեցվել Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները:
Բարձր է գնահատվել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների եւ բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության եւ այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարեւորվել է պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:
Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական եւ անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվել ենն կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության շուրջ: