
Իլոն Մասկի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև ծավալվող հրապարակային և սրվող առցանց հակամարտությունը լուրջ հետևանքներ է ունեցել ոչ միայն նրա հեղինակության, այլև հարստության վրա։
Bloomberg-ի տվյալներով՝ օրվա վերջում Մասկի անձնական կարողությունը նվազել է 34 միլիարդ դոլարով, ինչը դարձել է երկրորդ ամենամեծ կորուստը Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ՝ մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Ավելի մեծ կորուստ գրանցվել է միայն 2021 թվականի նոյեմբերին՝ նույնպես Մասկի պարագայում։
Հակամարտությունը սրվեց Մասկի կողմից Վաշինգտոնից հեռանալուց օրեր անց, երբ նա փորձեց բավարար աջակցություն հավաքել Թրամփի «Մեծ, գեղեցիկ օրինագիծը» տապալելու համար։
Մասկը, ով դեռևս աշխարհի ամենահարուստ մարդն է 334.5 միլիարդ դոլար կարողությամբ, նախկինում էլ է կորուստներ կրել։ Սակայն Թրամփի հետ հակամարտության պարագայում խաղադրույքներն ավելի բարձր են, քանի որ նախագահն առաջարկել է դադարեցնել Մասկի ընկերությունների հետ պետական պայմանագրերը, ինչը կարող է հարված հասցնել Tesla-ի և SpaceX-ի եկամուտներին։
Մասկը նաև հայտարարել է SpaceX Dragon տիեզերանավի շահագործումը դադարեցնելու մասին, որը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ բեռների և տիեզերագնացների՝ Միջազգային տիեզերական կայան փոխադրման առումով։ Սակայն մոտ հինգ ժամ անց նա հետ է կանգնել իր որոշումից։
Հիշեցնենք, որ Մասկը Պետական արդյունավետության վարչության ղեկավարի պաշտոնից պաշտոնապես ազատվեց անցյալ շաբաթ։
Անի Վարդանյան