Ինչպես արդեն տեղեկացրել էին, գիշերը Սյունիքի մարզից երկու անչափահաս բնակիչներ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում: Քիչ առաջ ArmLur.am-ը զրույցել է Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի հետ՝ պարզելու, թե ինչ տեղեկություններ ուննեն մոլորված և սահմանը հատած երիտադարդներից:
«Տղաները գիշերը ժամը 01․00-ի սահմաններում ձիերով գնացել են սահմանին մոտ մեկ այլ ձի բերելու համար։ Սակայն մոլորվել են ու սահմանը անցել են: Այս պահին այլ տեղեկություններ չկան, միայն կարող եմ ասել, որ տղաների ընտանիքներում ողբ, սուգ է, իսկապես սարսափելի բան է տեղի ունեցել»,-հայտարարեց ArmLur.am-ի զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր նաև, որ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Բնակիչները ArmLur.am-ին պատմել էին, որ կեսգիշերն անց ժամը 00։00-ից 01։00-ի հատվածում տղաները ձիերն են նստել՝ հանդից անասուններին բերելու նպատակով և արդյունքում մոլորվել են։ Արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են, այդ պանտճառով էլ տղաները մոլորվել են և հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Այժմ նրանց գտնվելու վայրն անհայտ է։
Մարիանա Սարգսյան





























