Հայաստանում գործում է 50 կրոնական կառույց, բայց թիրախում Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին է. ո՞րն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների համաձայն՝ Հայաստանում գործում է ավելի քան 50 կրոնական կառույց, որոնք լայն գործունեություն են ծավալում, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում: Այս կրոնական կառույցներից ամենաշատ հետևորդներն ունի Եհովայի վկա, Կյանքի խոսք, Ավետարանական եկեղեցի, Հայ եղբայրության եկեղեցի կառույցները: Ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենավտանգավորն ու քայքայիչը՝ երկրի ու ժողովրդի համար, Կյանքի խոսքն է:

Մայր օրենքի՝ Սահմանադրության 17-րդ հոդվածի (1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:) համաձայն՝ այս բոլոր կրանական կառույցները Հայաստանում իրենց գործունեությունը ծավալում են անկաշկանդ, ազատ և գործում են պետությունից անջատ:

Սահմանադրության հաջորդ՝ 18-րդ հոդվածի 1-ին կետը մեզ հուշում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում և անուրանալի նշանակությունն ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Այսօր այս ամենը մի կողմ թողնելով՝ պետական մակարդակով պարբերաբար քար է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հետևորդների և հոգևոր դասի նկատմամբ:

Դեռ նախանցած տարի, Սյունիք կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռահասների հետ ունեցած զրույցի ընթացքում քարոզում էր կյանքը սիրել, կյանքից հաճույք ստանալ՝ նշելով.
«1-2-10-50-100։ Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք՝ քաշ տվեք էրեխեք, սա ձեր առաքելությունն ա։ Մեծ խաչքարեր ոտքերից կապենք, ասենք՝ դե քաշ տվեք, որովհետև դուք Վարդան Մամիկյոնաի սերունդներն եք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ այս փոփոխությունն է տեղի ունենում Հայաստանում:

ՔՊ-ական Արսեն Թորսյանի հարաբերությունները ևս հաշտ չեն եկեղեցու հետ: Նա էլ իր հերթին նշել է. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պերրոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: «Ես աթեիստ եմ, հարցեր կա՞ն…» Անդրադառնալով էլ Սրբազան պայքարին՝ հայտարարել էր, որ «առանց այն էլ հեղինակազրկված եկեղեցին էլ ավելի հեղինակազրկվեց»: «Որքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը»,- հայտարարել էր նա:
Արսեն Թորոսյանը նաև կոչ էր արել փակ էլ «Շողակաթ» հեռուստաալիքը, որը հիմնականում Աստվածաշնչյան եւ կրոնական հաղորդումներ է ցուցադրում:

Ամենևին վերջերս էլ կրկին Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայտարարելով, որ այն օգտագործվում է իբրև չուլան, չուլանացված է, իսկ հոգևոր ծառայություն իրականացնողներն էլ չուլանապետեր են: Ինչից հետո Փաշինյանը հանդես եկավ հայհոյախառն արտահայտություններով, վարկաբեկելով բարձրաստիճան հոգևորականների ու հայտարարել, թե նրանցից շատերը չեն պահում իրենց կուսակրոնության ուխտը:

Այս հայտարարությունները բողոքի մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, շատերն սկսեցին քննադատել իշխանությանը, բայց, լռելու փոխարեն, իշխանականներն էլ ավելի սրեցին իրավիճակը:
Աննա Հակոբյանն արդարացրեց իր քաղաքացիական ամուսնուն՝ ասելով թե ամենաշատ այլասեռվածությունները հենց եկեղեցում են տեղի ունենում:
Իրենց առաջնորդին սիրտը շահելու համար՝ առիթը բաց չթողեցին ՔՊ-ականները.
«Հանեք ձեր փիլոնները և գնացեք զբաղվեք ինչով ուզում եք։ Բարձր եկեղեցական պաշտոններում դուք տեղ չունեք ու սա անշրջելի է››,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Իշխանական թևի մյուս ներկայացուցիչ Գևորգ Պապոյանն էլ հրապարակել է Քոբայրի եկեղեցական համալիրից մի լուսանկար ու գրել. «Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված»։

Ինչո՞ւ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայտնվել գործող իշխանության թիրախում, թերևս պարզ է բոլորիս համար: Եկեղեցին մշտապես եղել է հայ ժողովրդին միավորող օղակը և թիկունք է եղել երկրին սպառնացող օրհասական օրերին:
Իշխանությունը, քարկոծելով Եկեղեցուն, ժամանակ է շահում իր իշխանությունը մեկ օր ավել պահելու համար:

Նրանք, ովքեր գտնում են, թե եկեղեցին չուլանացված է և անգամ ծառայում է որպես գոմ, հիշեցնենք, որ բոլոր պատմաճարտարապետական հուշարձանները գտնվում են ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո և, եթե Եկեղեցին չուլանացված ու գոմ է, ապա թերացել է ԿԳՄՍ նախարարությունը:

 Նանիկ Աղասյան




Լրահոս