Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին:
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից որ դրամաշնորհները կարող են չեղարկվել:
«Կալիֆոռնիացիներն են վճարում դաշնային կառավարության հաշիվը։ Մենք 80 միլիարդ դոլարով ավելի շատ հարկեր ենք վճարում, քան ստանում ենք։ Գուցե ժամանակն է կանգնեցնել նրանց, Դոնալդ Թրամփ», – գրել է Կալիֆոռնիայի նահանգապետը։
Կալիֆոռնիան, ավանդաբար, համարվում է դեմոկրատների ամրոց, և Թրամփը բազմիցս քննադատել է այն։

























































































