ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե իրենք շարունակում են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիայի մաս կազմելու շուրջ բանակցությունները:
Այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ի շատ գործիչներ հայտարարել են, թե բացառվում է իրենց անդամակցությունը կոալիցիային: ՀՅԴ-ն կարծես թե ո’չ հերքում, ո’չ էլ հաստատում է կոալիցիայի մաս կազմելու մասին լուրերը: Նրանք նշում են, թե կոալիցիայի մաս կազմելը կախված է այն հանգամանքից, թե իրենց առաջարկությունների ո”ր մասը կընդունվի:
ՀՅԴ-ի կոալիցիայի մաս կազմելու հավանականության և դրանից բխող հետևանքների մասին Armlur.am-ը զրուցեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Նա նշեց, թե քանի դեռ նման բան չի եղել, ինքը չի կարող որևէ ենթադրությամբ հանդես գալ: Մարտիրոսյանը հավելեց, որ, ՀՅԴ-ի կոալիցիայի մաս կազմելուց հետո քառյակը կշարունակի իր աշխատանքն արդեն եռյակի մակարդակով:
Անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, թե իրենք պահանջում են համակարգային փոփոխություններ, ընդհուպ մինչ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացում, Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե այդ հայտարարությունն իրենց կուսակցությունում քննարկելու կարիք չունեն, քանի որ իրենք էլ կողմ են համակարգային փոփոխությունների:
Նաիրա Հովհաննիսյան