
Ամենաթողությունն ու միանձնյա որոշումներ կայացնելու արատավոր մշակույթը մեր երկրում չեն վերացել( հակառակ բազում պնդումների) այլ ավելին`նոր արմատներ են գցել և օրեցոր մեր ականջների և աչքերի համար դառնում են սովորական, դա, թերևս,որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ:
Սակայն այն, որ այդ երևույթները նաև տեղի են ունենում մեր երկրի դրոշն ու պատիվը բարձր պահող, մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտում` սպորտում, առնվազն մտածելու տեղիք պետք է տալ իրավասու մարմիններին:
ArmLur.am-ը ահազանգ է ստացել, որ ըմբշամարտի ֆեդերացիան դարձել է վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի անձնական շահերն առաջ տանելու և միանձնյա որոշումներ կայացնելու դարբնոցը: Ահազանգողն ինքն է պնդել այդ մասին։
Ընդամենը օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բենուր Փաշայանի անվան 6-րդ միջազգային հուշամրցաշարը: Մրցաշարը մեր ըմբիշների համար ուղեգիր է դեպի մեծահասակների Աշխարհի առաջնություն: Կթվա, թե մրցաշարի նպատակը պետք է լիներ առավելագույնս արդար որոշումներ կայացնելն ու միջազգային մրցահարթակներ ուղարկելն այն ըմբիշներին, որոնք իրենց քաշային կարգերում դրսևորում են լավագույն արդյուքները, սակայն ամեն բան այլ է։
ArmLur.am-ին պատմեցին, որ Մրցաշարում 55 կգ քաշային կարգում գոտեմարտել են ըմբիշներ Նորայր Հախոյանն ու Մանվել Խաչատրյանը: Գոտեմարտի ընթացքում կողային մրցավար Ալբերտ Վարդանյանը միավորներով գնահատել է Նորայրին, սակայն Ալեքսանյանը մոտեցել է և բառիս բուն իմաստով բռնել մրցավարի ձեռքը: Դե իհարկե, ինչպե՞ս կարող էր վաստակավոր մարզիչը թույլ տալ, որ իր համաքաղաքացին պարտվի գոտեմարտում, չէ՞ որ ըմբաշմարտի ոլորտում բոլորին է հայտնի, որ Ալեքսանյանի հովանու ներքո է Մանվել Խաչատրյանը, առանց ՀՀ առաջնությանը մասնակցելու, ուղեգիր ստացել դեպի Եվրոպայի առաջնություն, որտեղից երկու անգամ վերադարձել է առանց արդյունքի:
ArmLur.am-ի հետ զրույցում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ եւ հայր Գեւորգ Ալեքսանյանը ներկայացրեց խնդիրն իր տեսանկյունից։
«Կա իրավասու մարմին, որը անցկացնում է ֆեդերացիան իր հանձնաժողովով։ Գուցե շատերը տեղյակ չեն այդ ամենից։ Ես չեմ կարող իմ կամքը թելադրել։ Ժյուրի կա, և նրանք են վերջնական որոշում կայացնում։ Ալբերտ Վարդանյանը էլի գնահատել է ի վնաս, որի հետ ես համաձայն չեմ եղել։ Դա եղել է ի վնաս Մանվելին, որտեղ հաղթող է եղել Նորիկ Հախոյանը 2/2, բայց գոտեմարտը շարունակվել է, և Մանվելը միավոր է ստացել և հաղթել։ Ես համաձայն չեմ եղել, բայց իմ կարծիքը հաշվի չեն առել։
Երբ ասում են՝ ՀՀ առաջնությանը չմասնակցած իրավունք է ձեռք բերել՝ ՀՀ-ում մենք չենք ունեցել նման քաշով (55 քաշ) մարդ, որի հետ կարողանար մրցել։ Ինքը ուրիշ երկրներում պարսիկի է հաղթել, թուրքի՝ միայն ինքն է հաղթել այդ քաշում։ Ինքը այս տարի ՀՀ առաջնության ժամանակ հիվանդ է եղել և չի կարողացել ներկայանալ, սակայն ներկայացրել է թղթեր հիվանդանոցից, որ ի վիճակի չէ մասնակցելու՝ համաձայնեցված Ֆեդերացիայի նախագահի հետ։ Այդ ամենից հետո Եվրոպայում մրցում է նշանակվել, և նա մասնակցել է։ Այնտեղ եղել են միայն ուրիշ երկրի մրցավարներ։ Մանվելը հաղթել է ՀՀ չեմպիոնին և գնացել է Եվրոպայի առաջնություն։ Ճիշտ է՝ մեդալ չի բերել, բայց 5-րդ տեղ է զբաղեցրել»,- ասաց Գևորգյանը։
Այն ինչ Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն( 2022թ), արծաթե մեդալակիր (2023թ) Երիտասարդների աշխարհի չեմպիոն (2023թ) և արծաթե մեդալակիր (2022թ) 60 կգ քաշային կարգում ներկայացող ըմբիշ Սուրեն Աղաջանյանին շանս չտրվեց մասնակցել 2024-ին տեղի ունեցած օլիմպիական խաղերի ուղեգրի մրցաշարին, ինչպես նաև Եվրոպայի առաջնությանը միայն այն պատճառով, որ Սուրենը ունեցել էր ոտքի լուրջ վնասվածք և չէր կարողացել մասնակցել ՀՀ առաջնությանը:
Հատկանշական է փաստել նաև, որ առաջնությունից ընդամենը ամիսներ հետո տեղի ունեցած Զինվորականների Աշխարհի առաջնությունում Աղաջանյանը դարձավ չեմպիոն` պարտության մատնելով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Կորեան ներկայացնող ըմբիշին:
Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում Սուրենի հանդեպ ևս կայացրեցին անարդար որոշում. վերջինս գոտեմարտում էր Գևորգ Ղարիբյանի հետ և 2 միավորի առավելությամբ հաղթում էր Գևորգին: Տեսնելով այդ արդյունքը, Գևորգ Ալեքսանյանը մոտեցել է մրցավարներին և ներկայցրել, թե Աղաջանյանը ոտքով խանգարել է Ղարիբյանին կատարել իր հնարքը: Այսպիսով «համոզելով» հորդորել է 2 միավոր տալ Ղարիբյանին, որի արդյունքում էլ 2:2 հաշվով Սուրենը պարտվել է գոտեմարտը: Նշենք, որ Ալեքսանյանի դիտարկած «ոտքով խանգարելը» օլիմպիական շատ մրցավարները չեն դիտարկում որպես սխալ ըմբիշի կողմից:
«Ես այդ ժամանակ եղել եմ ժյուրի։ Մրցումների ընթացքում գործողություն է կատարվել, և 2 միավոր գնահատվել է Սուրեն Աղաջանյանը։ Գևորգ Ղարիբյանը գործողություն էր կատարում և չկարողացավ կատարել։ Մարզիչը ունի իրավունք բողոքարկելու։ Բողոքարկել է, և ըստ կանոնի՝ պետք է 3 ժյուրի նայեն տեսագրությունը։ Իսկ եթե երկուսը մի կարծիքի են, մյուսը՝ ոչ, ուրեմն անցնում է մեծամասնության ձայնը։ Բոլորի կարծիքը եղել է, որ հակառակորդը խանգարել է Գևորգին ոտքով»,- ներկայացված ահազանգին արձագանքում է Ալեքսանյանը։
Ի դեպ հավելենք, որ Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի առաջնությունում պարտվեց ադրբեջանցի ըմբիշին, ինչպես նաև կորցրեց օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը, ինչը նշանակում է, որ մեր երկիրը Օլիմպիական խաղերում չունեցավ հնարավորություն ներկայանալ 60կգ քաշային կարգում: Կարևոր է նշել նաև, որ Գևորգը պարտվեց այն ադրբեջանցուն, ում Սուրենը Երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթել էր բացարձակ առավելությամբ`9-1 հաշվով:
Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ ըմբաշմարտի ֆեդերացիան ունի մի նպատակ` լավագույնս սպասարկել Գևորգ Ալեքսանյանի անձնական ցանկություններն ու սպորտային «կապրիզները»:
Այսպիսով, Գևորգ Ալեքսանյանի արկածները բազմաթիվ են. մեկ հոդվածում հնարավոր չէ տեղավորել և գրել ամբողջը, սակայն չառանձնացնել ևս մեկ կարևոր փաստ, առնվազն անարդար կլինի.
Մի քանի տարի է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ներկայանում է 97կգ քաշային կարգում: Ոսկե մեդալի համար պայքարում պարտվելուց հետո արդեն 3-րդ անգամ Արթուր Ալեքսանյանը հրաժարվում է մրցել 3-րդ տեղի համար, ինչի արդյունքում ՀՀ-ն զրկվում է հերթական բրոնզե մեդալից, իսկ մեր թիմը` միավորներից: Չթերագնահատելով և չնսեմացնելով Արթուրի դերը հայկական սպորտի կյանքում, պետք է նշել, որ նա ևս բռնել է հոր ճանապարհը և բազում մրցաշարերի ժամանակ հանդես է գալիս միջամտություններով` փորձելով առաջ տանել գյումրեցի ըմբշամարտիկներին: Գևորգ Ալեքսանյանն ու Արթուրը չեն կարողանում մի կողմ դնել իրենց անձնական ամբիցիաներն ու հասկանալ, որ պետք է հնարավորություն տալ նաև երիտասարդ ըմբիշների մասնակցել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին: 97կգ քաշային կարգում ՀՀ-ն ունի շատ խոստումնալից և պատրաստված ըմբշամարտիկ` Մ23 տարեկանների Աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը, որը կարող է օգտագործել իր հնարավորություններն ու դառնալ մեդալակիր, սակայն քանի որ Գևորգ Ալեքսանյանն ու Արթուրը հիմա դա պարզապես չեն ցանկանում, Հայկը դեռ կմնա ստվերում:
Հիմա հնչեցնենք հարցը, որն ահազանգի բուն նպատական է՝ ո՞վ է մեղավոր.
Հազանգած քաղաքացին պնդում է, որ այս բոլոր արկածախնդրությունների և անարդարությունների պատճառը մեկն է.
«ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան պարզապես իր տեղում չէ: Չնայած նրան, որ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը օժտված են բարձր մասնագիտական որակներով, ինչպես նաև անձնվիրաբար են մոտենում իրենց գործին, այնուամենայնիվ նրանք չեն կարողանում «սանձել» Գևորգ Ալեքսանյանի ու Արթուր Ալեքսանյանի անհասկանալի նկրտումներն ու համարժեք պատասխան տալ նրանց: Ի՞նչն է պատճառը, ինչի՞ց կամ ումի՞ց են վախենում Խաչատրյանն ու Բաբալարյանը` այդպես էլ մնում է անհայտ: Մեկ բան ակնհայտ է եթե ֆեդերացիայի նախագահն ու հավաքականի գլխավոր մարզիչը շարունակեն ծածկադմփոց անել նրանց վարքագիծն ու լուռ համաձայնել կատարվող անօրինականություններին, շուտով նրանք կկորցնեն իրենց կշիռն ու տարիների ջանքերով ձեռքբերած հեղինակությունը։»
Մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի արձագանքն ու պատասխանը շատ կարճ էր․
«Ես ով եմ, որ իմ շահերը պետք է սպասարկվի ֆեդերացիան։ Ես մարզիչ եմ, ունեմ աշակերտներ։ Եթե ես այդքան հնարավորություն ունենայի, Արթուրին էդքան «засудить» չէին անի, որ միշտ դժգոհ ենք եկել մրցումներից։ Եթե այդ հնարավորությունները ունենայի՝ կօգտագործեի ի շահ մեր թիմի»,- եզրափակել է Գևորգյանը։
Էմմա Միքայելյան