ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը:
Նշենք, որ Փաշինյանը առավոտյան հայտարարել էր, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:
«Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին օրերին ծավալված իրադարձությունները պատահական չեն․ գործ ունենք նպատակաուղղված փորձի հետ՝ թուլացնելու եկեղեցու դերը և հարված հասցնելու հայկական քրիստոնեական ինքնությանը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքական գործիչ Արման Աբովյանը՝ մատնանշելով ներքին և արտաքին վտանգավոր զարգացումների կապը։
«Ես շատ լավ հասկանում եմ այս ամենի իմաստը՝ ուղղակի պայթեցնել մեջտեղից Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ իզուր չէր, որ այս ամենը համընկավ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունների հետ՝ ՀՀ տարածքի, մասնավորապես՝ Էջմիածնի նկատմամբ։ Սակայն սա չէ խնդիրը։ Խնդիրը այն է, որ իշխանությունը այսօր փորձում է թուրքական մոդելով առաջնորդվել։ Քանի որ հիմնականում Թուրքիայում են նրանք վերահսկողության տակ պահում հայկական հոգևորական կամ կրոնական համույթը։ Դա կարելի է ասել ծիծաղ է առաջացնում ,այս ցնցումները, որի մեջ ընկել է թավշյա իշխանությունը, փորձելով պայթեցնել եկեղեցին»։
Արման Աբովյանի համոզմամբ՝ փորձերը հակառակ արդյունք են տալիս։
«Հակառակ պրոցես է լինում։ Իրենք գուցե տեղյակ չեն, բայց մարդիկ, ովքեր անգամ իրենց են հավակնում, նախ՝ շոկահարված են, և ամենակարևորը՝ համախմբվում են եկեղեցու շուրջ, ոչ թե կիսաաղանդավոր կոչերի»։
Նրա խոսքով՝ այս ամենը կաթողիկոսի դեմ չէ. խնդիրն ավելի խորն է՝ վերաբերում է ամբողջ Հայ Առաքելական եկեղեցուն և հայկական քրիստոնեությանը»։
«Միգուցե մարդիկ տեղյակ չեն, որ այս ամենը կաթողիկոս փոխելով չի։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարվածը ոչ թե կաթողիկոսի ուղղությամբ է, այլ ընդհանուր հայկական քրիստոնեության։ Մինչև չոչնչացվի վերջին պատնեշը՝ մարդկանց անասնականացնելու և ըստ էության արևմտյան-ադրբեջանական Հայաստան կառուցելու գործընթացը, սրանք չեն հանգստանա։ Կրկնում եմ՝ փորձում են անել, բայց մարդիկ համախմբվում են եկեղեցու շուրջ»։
Մարիանա Սարգսյան

























































































