Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կրկին հանդես եկավ հայտարարությամբ. «Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի»:
Հիշեցնենք, որ շուրջ 10 օր է Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե Կաթողիկոսը պետք է հեռանա, քանի որ կուսակրոնությունը դրժել է, զավակ ունի, ինչի համար պետք է նրան «փոխել»:
Այս օրերին բոլորին մեկ հարց է հուզում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր համար ցանկալի ինչ-որ մեկին առաջադրել Կաթողիկոսի փոխարեն, որ նման հայտարարություններով է հանդես գալիս: Armlur.am-ի իշխանամերձ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը դեռևս փորձում է եկեղեցու ներսում «թուլացնել», հոգևորականների շրջանում լարվածություն ստեղծել, որից հետո նոր կարողանալ ինչ-որ ձևով նոր Կաթողիկոս ընտրելու մասին մտածել, որը պետք է անեն եկեղեցականները` իրենք իրենց ներսում:
Armlur.am-ը դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանին պարզելու համար, արդոք իշխանություններն արդեն հստակեցրել են, թե որ եպիսկոպոսը, ով պահպանել է կուսակրոնության խոստումը, կփոխարինի Կաթողիկոսին: «Այդ հարցն անիմաստ է, քանի որ մեր նպատակը, ոչ թե որևէ մեկին Կաթողիկոս նշանակելն է, այլ մեր նպատակն է եկեղեցուց մաքրենք մաֆիոզ խմբավորումներից, մնացածն արդեն երկրորդական է: Ընտրություններն իրենք իրենց ներսից պետք է անեն, ոչ թե մենք ինչ-որ մեկին ունենք, կամ մեր սրտի Կաթողիկոսն ունենք, նման բան չկա ու չի կարող լինել, քանի որ մեր նպատակը լրիվ այլ է»,-եզրափակեց իշխանական պատգամավորը:
Սոնա Գրիգորյան





























