Մահաբեր տարածքում զգուշացնող վահանակներ եղել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք  քիչ առաջ, այսօր Նոյեմբերյանի Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից գյուղի բնակիչ 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը վիրավորվել է ոտքից:

Armlur.am-ի հետ զրույցում Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ ականապատված դաշտում արդեն երկու տարի է` զգուշացնող վահանակներ կան փակցրած, և, գյուղապետի խոսքերով, զարմանալի է, որ մարդիկ հասել են ականապատված  դաշտ:

Գյուղապետը մեզ հայտնեց, որ երկու տարի առաջ նույն տեղում զոհվել է բարձրաստիճան մի զինվորական, ինչից հետո ապահովության համար տեղադրվել են այդ վահանակները:

«Չգիտեմ` ինչ բառ ասեմ. անզգուշություն է երևի: Զորամասի հրամանատարի հետ դեպքի վայր ենք գնացել, որպեսզի վիրավորներին դուրս բերեինք, ու 5-6 տեղ ճանապարհներին փակցրած տեսել ենք վահանակներ` որ հատվածում է գնդակոծվող տարածքը, որ հատվածում` ականապատվածը… հենակետերով ճանապարհ կա, որն արդեն ասում է` որ այնտեղ վտանգավոր գոտի է»,- ներկայացրեց գյուղապետը` հավելելով, որ սահմանի վրա ապրելով` չի կարող որևէ մեկը չիմանալ, թե որ տարածքն իրենից ինչ է ներկայացնում:

Գյուղապետը, շարունակելով խոսքը, նշեց նաև, որ արդեն մոտ մեկ շաբաթ է` զորամասի հրամանատարը մի քանի զինվորական է հատկացրել իրենց գյուղին հերթապահելու համար, որպեսզի դեպի սահմանի հատվածը գնացող գյուղացիներին և անասնապահներին հետ կանգնեցնեն առաջ գնալուց:

Armlur.am-ի դիտարկմանը, թե ինչպե՞ս են հերթապահության առկայության դեպքում գյուղացիները հայտնվել ականապատված սահմանում, գյուղապետը պարզաբանեց, որ հերթապահությունը հիմնականում իրականացվում է գյուղի վերջին հատվածում` այնտեղ, որտեղից մարդիկ դուրս են գալիս, քանի որ գյուղի ճանապարհը մեկը չէ և մի քանի ուղղություններով հնարավոր է դուրս գալ ու մոտենալ սահմանին:

Տաթև Հարությունյան




Լրահոս