Գերմանական RWE ընկերությունը սկսել է Ուկրաինային գազ մատակարարել Լեհաստանի տարածքով:
Մատակարարումը կիրականացվի 5 տարի ժամկետով շրջանակային համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2012թ.-ին ուկրաինական «Նաֆթոգազի» և RWE Supply & Trading-ի միջև:
Պայմանագրի համաձայն, մատակարարումների ծավալը կարող է հասնել տարեկան 10 միլիարդ կուբամետրի: Գազը Ուկրաինային մատկարարվում է եվրոպական մեծածախ գներով:
2013թ.-ին RWE Supply & Trading –ը արդեն Ուկրաինային է մատակարարել 1 միլիարդ կուբամետր գազ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Այսօր սլովակյան Վելկե-Կապուշանի քաղաքում գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ են սկսվել Սլովակիայի և Ուկրաինայի միջև:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Սլովակիան կարող է Ուկրաինային գազ մատակարարել արդեն նոյեմբերի մեկից: Բրատիսլավան հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային լուծել գազի ռեվերսային մատակարարումների խնդիրը, սակայն «այդ խնդրի լուծումը չպետք է վնաս հասցնի ոչ Սլովակիայի, և ոչ էլ ԵՄ-ի շահերին»:
Ավելի վաղ, ապրիլի 12-ին, Սլովակիայի ԱԳՆ-ն խոստովանել էր, որ ռեվերսային գազամատակարարումը Ուկրաինային հնարավոր չէ առանց «Գազպրոմի» համաձայնության: