ԲՀԿ-ական նոր պատգամավոր Մուշեղ Պետոյանը երեկ խախտեց մեկամսյա լռության ուխտը: -Պարո՛ն Պետոյան, ԱԺ-ում հայտնվեցիք ոչ այնքան լավ ժամանակաշրջանում. պատգամավորները չեն գալիս, մի կերպ քվորում են ապահովում, նախարարները շարիկ են գլորում կամ ընդհանրապես չեն գալիս, չե՞ք հիասթափվել ԱԺ-ից: Սա Ձեր պատկերացրա՞ծ ԱԺ-ն է: -Հիասթափություն չկա, ինձ թվում է` սա աշխատանքային բնույթ կարող է կրել: Ոչ մի վատ բան էլ չեմ տեսնում: -Այս ընթացքում մի զավեշտական բան եղավ. երբ միայնակ նստած էիք դահլիճում, նախարարը, նայելով Ձեր ուղղությամբ, ասաց` «հարգելի՛ պատգամավորներ»: -Դե, իհարկե, ցանկալի կլինի, որ բոլորն էլ մասնակցեն, բայց որ…. -Այս ընթացքում ի՞նչ տեսաք ԱԺ-ում, ի՞նչ հասկացաք: -Ասեմ, որ մեզ հնարավորություն է տալիս` տարածաշրջանի խնդիրները կամ ժողովրդի մեջի ինչ-որ խնդիրներ, փորձել այդ հարցերը բարձրացնել օրենսդրության նախաձեռնությունների ժամանակ, որը շատ էական է: -Իսկ ի՞նչ օրենք եք պատրաստվում հեղինակել: -Այնքան շատ փոփոխություններ կատարվեցին, այնքան ինֆորմացիա, որ առայժմ չեմ կարող ասել: Բայց կասեմ: -Օրինակ` Ձեր կուսակից Արագած Ախոյանը, երբ նոր էր մտել ԱԺ, ասաց, որ ինքը չի կարող լինել ընդդիմություն: Իսկ Դուք կարո՞ղ եք` հաշվի առնելով, որ ՀԱԿ-ից ԲՀԿ-ի հետ համագործակցության առաջարկ եղավ: -Ես ասեմ, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդն ինչ դիրքորոշում վերցրեց, ես պատրաստ եմ, մեր կուսակցության նախագահի հետ կանգնած եմ, հավատարիմ` ե՛ւ մտքերի, ե՛ւ ծրագրերի, ե՛ւ բոլոր տեսակի հարցերի հետ կապված: -ՀԱԿ առաջնորդն ասաց, որ երրորդ բեւեռը ձեւավորվեց ոչ թե ընդդիմության, այլ իշխանական ճամբարում` ի դեմս ԲՀԿ-ի: Համամի՞տ եք: -Չէ՛: Չեմ տեսնում այդպիսի բան: -Ձեր կուսակից ընկեր Վարդան Բոստանջյանն, օրինակ, Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հասցեին գովեստը բացատրեց այսպես` «մենք արժանի ենք», դրա համար: Իսկ Դո՞ւք: -Իրականում այդպես է, ինձ թվում է` ես ժողովրդի կարծիքն եմ ասում: Էսօր ժողովուրդը մեր կուսակցությանը շատ հավանություն է տալիս, ես ժողովրդի մեջ եմ, տեսնում եմ, գիտեմ, ուսումնասիրել եմ: Դուք համամի՞տ չեք: -Առավել եւս, ո՞նց եք պատկերացնում` ճիշտ կլինի, որ կուսակցությունն առանձի՞ն գնա, թե՞ ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով: -Իհարկե: Իմ անձնական կարծիքն է` ճիշտ կլինի, որ առանձին գնանք: