
2025 թվականի ամռանը Հայաստանից արտագնա ուղևորությունների հարցում ամենապահանջված ուղղությունները դարձյալ Եվրոպան է։
ArmLur.am-ի հետ զրույցում ինչպես տեղեկացնում է ավիատոմսերի վաճառքով զբաղվող մենեջերը, հայաստանցիները նախընտրում են այն երկրները, որտեղ հնարավոր է մեկնել հանգստի ամբողջական փաթեթով՝ ներառյալ վիզայի աջակցությունը, ավիատոմսերը, հյուրանոցը, տրանսֆերը և նաև ճաշի տոմսերը։
«Հայերը հիմնականում նախընտրում են լիարժեք փաթեթներ, սակայն լինում են դեպքեր, երբ միայն ավիատոմս կամ հյուրանոց են ամրագրում։ Ամենից շատը հիմա գնում են Կիպրոս, Մոնտենեգրո, Հունաստանի կղզիներ՝ Կրետե, Ռոդոս, Թեսալոնիկի, ինչպես նաև Իտալիա, Ֆրանսիա, Բարսելոնա, Սիցիլիա, Սարդինիա, Լոնդոն։ Դուբայ, Աբու Դաբի, Եգիպտոս էլ գնում են, բայց շոգ եղանակի պատճառով վերջիններիս պահանջարկը նվազել է»։
Ավիատոմսերի գնային սանդղակն այս պահին բավական փոփոխական է․ հաշվարկը արվում է ըստ պահանջի, սակայն, ըստ մասնագետի՝ հանգստի փաթեթները սկսվում են մոտ 2,000 եվրոյից 4 անձի համար։ Ընտանիքի ամբողջական փաթեթը, ըստ գնահատման, կարող է հասնել 9,000–10,000 եվրոյի, անգամ եղել են դեպքեր, որ արժեքները հասել են 20,000 եվրեյի, իսկ որակյալ հանգստի համար պահանջվող նվազագույն բյուջեն կազմում է շուրջ 5,000–6,000 եվրո։
«Նույնիսկ ձմեռվանից սկսած ամրագրումներ ենք ունենում ամառվա համար, քանի որ այդ դեպքում ավելի մատչելի է լինում և հեշտությամբ հասանելի են լինում լավ տեղերը», – նշում է մասնագետը։
Ըստ տուրիստական գործակալությունների, արտագնա ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է՝ հատկապես դեպի արևոտ, ափամերձ և մշակութային հանգիստ առաջարկող եվրոպական ուղղություններ։
Մարիանա Սարգսյան