Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, լսել է ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դեմ լրագրողների պահանջը:
Այս հարցող հանձնաժողով էին հրավիրվել «Zham.am»–ի լրագրող Աննա Եղիազարյանը, «Ilur.am»–ի լրագրող Հակոբ Կարապետյանը, «Hetq.am»–ի լրագրող Գրիշա Բալասանյանը և «Civilnet.am»–ի լրագրող Սարգիս Խանդանյանը: Ներկա չի եղել միայն «Zham.am»–ի լրագրող Աննա Եղիազարյանը:
Լրագրողները սկզբում պահանջել են կարգապահական պատասխանատվության ենթարկել Առաքել Մովսիսյանին: Նրանք պահանջում են ճանաչել Ա. Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստի ժամանակ՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով պատգամավորների առջև:
Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր. «էս կապիկներին էլ հանեք ստից»:
Դռնփակ նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ Առաքել Մովսիսյանին լսելուց հետո իրենք կկայացնեն իրենց որոշումը:
Ի դեպ, այսօրվա նիստին Էթիկայի հանձնաժողովը անդրադարձել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրի պաշտոնը առանց վճարվելու և հասարակական հիմունքներով ղեկավարելու հարցին: Սակայն, Փաշինյանի հարցը կարճել են՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.2 եւ 24.3 հոդվածներով: