Armlur.am լրատվականն այսօր Հովիկ Աբրահամյանի նշանակման, ԱԺ չորս ուժերի հետագա ճակատագրի և ներքաղաքական այլ հարցերի շուրջ զրուցեց ՆԺԿ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, քաղաքական ի՞նչ դրդապատճառներով էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, շախմատային ի՞նչ քայլ արեց սրանով Սերժ Սարգսյանը:
-Հովիկ Աբրահամյանի նշանակումն ուրույն նշանակում է:
Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իշխանության իր դեմքը: Իշխանության ուրույն դեմքը Հովիկ Աբրահամյանն է: Վարչապետի պաշտոնում նրա նշանակման դրդապատճառները երկուսն էին` արտաքին քաղաքական և ներքաղաքական:
Արտաքին քաղաքական դրդապատճառն այն է, որ ՌԴ-ում տնտեսական վատ վիճակ է, որը չի բարելավվելու: Եթե նկատում եք` հարավային մի շարք երկրներում վարչապետներ են փոխվում: Ընդհանուր այս վիճակը վատթարացման է բերելու, որն էլ իր հերթին կհանգեցնի մոբիլիզացիայի: Այդ մոբիլիզացիայի համար օգտագործվելու է յուրաքանչյուր հնարավորություն, այսինքն` կոնկրետ մեր պարագայում Սփյուռքի հայերի, հատկապես՝ ՌԴ-ում բնակվող հայերի, քաղաքական-գործնական կրիմինալ կապերի ներուժը:
Ներքաղաքական առումով ասեմ հետևյալը` բարդ է լինելու հիմա դուրս գալ այն լոզունգներով, որոնք նախատեսվում էին: Ինչքան էլ Տիգրան Սարգսյանին շնորհակալություն հայտնեցին իշխանությունները, իմ կարծիքով՝ նա վատ վարչապետ էր: Միգուցե նա վատ ֆինանիստ չէ, բայց վատ վարչապետ էր տնտեսական առումով:
Հայաստանում տնտեսական կատեգորիաները հաշվի չեն առնվում. մեզ մոտ օլիգարխը պայքարում է օլիգարխիկ տնտեսության դեմ:
Իշխանական բուրգի մեջ եղած որոշակի ուժեր փորձեցին համատեղվել և պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Ռուսերեն մի խոսք կա` «Роздражител». այդ «Pоздражител-ը» Տիգրան Սարգսյանն էր, ում հանեցին: Հիմա ինչի՞ դեմ պետք է պայքարեին. տրամաբանորեն նրանք պիտի պայքարեին կա՛մ Սերժ Սարգսյանի դեմ, (հո Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ եղած ժամանակ իր դեմ չէ՞ր պայքարելու), իսկ քաղաքական ուժերի մի մասը դրան չէր գնա, կա՛մ էլ պետք է մտածեին ինչ անել: Կա մեկ այլ բան` Սերժ Սարգսյանն ասել է` ոչ սահմանադրական բարեփոխումների դեպքում ո՛չ վարչապետ է լինելու, ո՛չ նախագահ:
Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի հետ հասարակության ինչ-որ շերտ չի աշխատի: Իսկ չի աշխատի հասարակության այն մասը, որը կրթված է, երիտասարդ, արդիական հայացքներ ունի, քաղաքացիական հասարակության մաս է: Այդ կիրթ հատվածին Սերժ Սարգսյանն ասում է` ես, Լևոն Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը թողնենք գնանք ու զբաղվենք կուսակցական աշխատանքով, որովհետև այդ երիտասարդ մասը չի ընդգրկվելու ներիշխանական բուրգի մեջ:
-Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելով` Սերժ Սարգսյանը լուծե՞ց իրեն հաջորդողի խնդիրը:
-Ո՛չ: Դրա լուծումը պետք է այլ տեղ գտնել: Պետք է հասկանալ` Սերժ Սարգսյանը ոնց է փրկելու իրավիճակը: Սերժ Սարգսյանն իր հարաբերությունները փչացրել է Արևմուտքի հետ, որը Հայաստանին և իրեն՝ Սարգսյանին չի համարում գործընկեր:
Եթե նույնիսկ Եվրոասոցացման համաձայնագիրը ստորագրեր Հայաստանը, Եվրոպայի համար Ուկրաինա չէինք դառնա: Հետևաբար, մենք մնում ենք ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների մաս: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՌԴ-ի տնտեսական վիճակը վատանում է, հետևաբար, ինչպե՞ս է լուծելու մնացած հարցերը, մասնավորապես՝ մեր ազգաբնակչության 80 տոկոսն ապրում է դրսից եկող բարեկամական օգնությունների հաշվին:
Այսինքն` եթե փողը դրսից չի գալու, ի՞նչ է լինելու Հայաստանի վիճակը: Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին նշանակելով, լուծում է առօրեական խնդիր, այն է` Հովիկ Աբրահամյանը Մաքսային միություն մտնելու ճանապարհին խաղեր չի տալու: Այսինքն` Աբրահամյանը ձեր (նկատի ունի ՌԴ-ի-խմբ.) «տղան է», դե փող տվե՛ք: Նա Տիգրան Սարգսյանը չէ, որ Բելգիայում մի բան ասի, ձեր մոտ ուրիշ բան ասի, խաղեր տա, արժութային հիմնադրամից փողեր բերի, որովհետև հետները լավ է:
-Այսինքն` իշխանության վերարտադրության հարց Սերժ Սարգսյանի օրակարգում չկա՞:
-Այո՛: Ի՞նչ իրավահաջորդություն: Գնալով վիճակը դառնում է պատերազմական. Ուկրանիայում քաղաքացիական պատերազմում ներգրավվելու է նաև ՌԴ-ը, տնտեսական սանկցիաներ են կիրառվելու ՌԴ-ի դեմ, որը չի կարող հաշվի չառնել իշխանությունը:
-Աբրահամյանի նշանակումով քաղաքական ո՞ր ուժը ի՞նչ շահեց կամ ի՞նչ կորցրեց:
-Դա արդեն իրենց հարցրե՛ք: Ես մի բան կարող եմ ասել` իշխանությունը կրակում է իր ամբողջական փափուշտներով, որոնցից մեկն էլ Աբրահամյանն է:
-Ի՞նչ նկատի ուներ իշխանությունը, երբ հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանն ազատ է վարել կադրային քաղաքականությունը:
-Դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը կարող է յուրաքանչյուրին ընդգրկել կառավարությունում: Մոբիլիզիացիա ասվածը նշանակում է մի բան` դրսի, ներսի ու կրիմինալ ուժերը միավորել գործադիրի ձեռքում, որպեսզի փողոց դուրս եկողները քիչ լինեն:
-Ակնկալիքներ պե՞տք է ունենա հասարակությունը նոր վարչապետից:
-Հասարակությունը վաղուց իշխող դասակարգի նշանակումներից սպասելիքներ չունի և կորցրել է վստահությունը: Հասարակությունը հասկանում է`Հայաստանը կարելի է այս վիճակից դուրս հանել միայն մի դեպքում, երբ իշխող դասակարգը կհեռանա:
-Պարո՛ն Կարապետյան, այս ամենի համատեքստում ի՞նչ ճակատագիր է սպասվում «հրաշալի քառյակին»:
-Ինչպես դուք չգիտեք, այնպես էլ ես ու իրենք չգիտեն:
-Փաստորեն, հանրությունը հույսը պետք է կապի 2018-ի նախագահական ընտրությունների հետ փոփոխություններ տեսնելու համար:
-Երբ Յանուկովիչին մի 7 ամիս առաջ հարցրել են`դուք առաջադրվելու եք, ինքն ասել էր` ես չեմ առաջադրվելու, ես ընտրված եմ:
Սոնա Դավթյան