Armenian text to speach

ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ Է ԽԱՌՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի՝  2025 թվականի մարտին Ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթուղթ, ըստ որի՝ Ազգային ժողովը «Նաիրիան» ՓԲԸ-ից երկկողմանի հաստատված փաստաթղթերով գնել է՝

  1. դեզոդորանտ նարդոսի եթերայուղով
  2. հակատարիքային ձգող քսուք
  3. հակատարիքային քսուք աչքի համար
  4. տոնավորող հեղուկ մաշկի բոլոր տեսակների համար
  5. տուփ՝ սպիտակ ծաղիկներով

 Այս գնումների համար Ազգային ժողովը պետբյուջեի միջոցներից վճարել է 66.750 ՀՀ դրամ: Գումարը, անշուշտ, մեծ չէ, բայց անհասկանալի է, թե Ազգային ժողովի որ կարիքի համար է ձեռք բերվել հակատարիքային ձգող քսուք, ով է այն օգտագործում, կամ ում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակատարիքային քսուքը նվիրել:

Սա արդեն անգամ զավեշտալի չէ:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ այդ գնումն իրականացվել է եւ որպես նվեր փոխանցվել է պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, նշելով, որ դիվանագիտական էթիկայից ելնելով՝ չի կարող ասել, թե կոնկրետ որ պաշտոնատար անձին է այն նվիրվել:

«Ձեր կողմից հիշատակված գնումը, այո, իրականացվել է։ Եվ, ինչպես ընդունված է դիվանագիտական արարողակարգում, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ փոխանակվում են նվերներով, ու այստեղ որեւէ արտառոց բան չկա։ Հակառակը՝ պետք է ուշադրություն դարձնենք, որ այն հայկական արտադրության է, ու այս ճանապարհով նաեւ նպաստում ենք հայկական արտադրության բրենդների ճանաչելիության բարձրացմանը։ Տարբեր առիթներով նմանատիպ հայկական արտադրության տարբեր նվերներ ենք տալիս: Օրինակ՝ հայկական չրեր, խմիչքներ, շարֆեր. սա էլ դրանցից հերթականն է ու արտառոց ոչինչ չկա», – նշել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։

Ալեն Սիմոնյանը պետականը սեփական միջոցների հետ է խառնել եւ չի տալիս հաշվետվություն, թե ինչ է արել հակատարիքային քսուքները եւ ինչու է դրանք գնել պետբյուջեի միջոցներից, սակայն նա եռանդով քննադատում է նախկին կոռումպացված համակարգը՝ չխուսափելով անձամբ դառնալ կասկածելի գնումների եւ կոռուպցիոն գործարքների օբյեկտ. ասվածի վկայությունը հրապարակված փաստաթղթերն են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ հունիսի 5-ի երեկոյան, Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Տեղեկացանք, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն` երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներով, որոնց թվում կլինեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները, փոխնախագահ, անգամ՝ երկու մարզպետ: Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-6-ը կմնա Երեւանի «Դվին» հյուրանոցում: Պատվիրակությունը կայցելելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ «Մայր Հայաստանի» հուշահամալիր ու հանդիպումներ է ունենալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է ինքնաթիռի «բորտի տակից» գրկած դիմավորելու Մատվիենկոյին: Հավելենք, որ դեռեւս մարտին Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան: Այցից հետո ՏԱՍՍ-ը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։ Հիշեցնենք, որ Մատվիենկոն եւ Ալեն Սիմոնյանը հեռահար կերպով կոշտ բանավեճի էին բռնվել, եւ սա այդ լարվածությունից հետո առաջին հանդիպումը կլինի:

 

Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վարքագծային դրսեւորումները ներթափանցել են Կառավարության անդամների մեջ. ասվածի ապացույցը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անառողջ գրառումն է՝ արված առավոտ կանուխ: Անհասկանալի է, թե ինչի ազդեցության տակ, բայց փաստ է, որ Անահիտ Ավանեսյանը ագրեսիվորեն հարձակվել է իր հայտարարագրի հրապարակումն իրականացրած լրատվամիջոցի վրա: Հիմա ներկայացնում ենք անհերքելի փաստեր, թե ինչպես է Անահիտ Ավանեսյանը, իր պաշտոնը ստանձնելու տարվա դրությամբ, կիսատ-պռատ լրացրել փաստաթղթերը: Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։ Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1 մլն 950 հազար դրամ եւ 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 16 մլն 519 հազար դրամ։ Այսինքն՝ 2018 թվականին Անահիտ Ավանեսյանը դատարկ թղթեր էր լրացրել, երբ փոխնախարար էր նշանակվել, քանի որ, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների, ամբողջ կյանքի ընթացքում ունեցած գույքը հայտարարագրվում էր 2019 թվականից սկսած: Այ թե ինչի ազդեցության տակ է Ավանեսյանը գրել առավոտյան ստատուսը, հարցական է, քանի որ օրաթերթի կողմից կոնկրետ մեղադրանք չի հնչել նախարարի հասցեին, կեղծ փաստեր չեն հրապարակվել, նախարարն անգամ ինքը չգիտի, թե ինչն է ուզում՝ հերքենք։ Ի՞նչը հերքենք, որ 2018 թվականի հայտարարագիրը դատարկ չէ՞, բայց դատարկ է, որ գույք ձեռք չի՞ բերել, բայց գույք ունի։ Օրաթերթը հենց դա՛ էլ գրել է։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանն իրենց թիմի այն եզակի անդամներից է, որ շատ քիչ է շփվում թիմի հետ, ու, կարելի է ասել, սա հնարավորություններից մեկն է՝ նրան հարցեր ուղղելու: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Միրզոյանի «մի կողմ քաշվելը» թիմում տեւական ժամանակ է չեն հանդուրժում, քանի որ վերջինս, լինելով քաղաքական թիմում, սկանդալային տարբեր միջադեպերից հետո որեւէ ձեւով չի աջակցում իր գործընկերներին: Ի դեպ, նշենք, որ Արարատ Միրզոյանը անգամ հրաժարվել է ՔՊ վարչության անդամ լինելուց, որպեսզի որեւէ կերպ չխառնվի ՔՊ-ի ներսում կատարվող քննարկումներին կամ «խարդավանքներին»: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Միրզոյանն իր կապերը խզել է անգամ վաղեմի ընկերների հետ, ոչ ոքի հետ որեւէ առնչություն չունի: ՔՊ-ականների համար Արարատ Միրզոյանը թիմային անդամ չի համարվում: Հիշեցնենք, որ նախօրեին գրել էինք, որ Արարատ Միրզոյանի ջանքերով «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել նրա կինը` Գոհար Աբաջյանը:




Լրահոս