Նիկոլ Փաշինյանը սկսում է հերթական աղմկահարույց արշավը՝ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վեհափառի դեմ։ Բայց իրական թիրախը այլ է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված վտանգավոր մանեւրը։
Ի՞նչ է տեղի ունենում այս պահին իրականում, երբ Կառավարության ղեկավարը հարձակվում է հոգեւոր առաջնորդի վրա։
. Սահմանազատում Ադրբեջանի հետ. իշխանությունը պատրաստվում է սահման գծել թշնամու պայմաններով այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մնում է Հայաստանի օկուպացված տարածքներում։
. Խաղաղության պայմանագրի վտանգավոր կետեր՝ առանց Արցախի կարգավիճակի, առանց անվտանգության երաշխիքների, առանց գերիների վերադարձի եւ ՀՀ դեօկուպացիայի պահանջի։
. Տնտեսական խորտակում. ամիսներ շարունակ արգելվում է հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանել։ Կոնյակագործները հուսահատ վիճակում են, իսկ Կառավարությունը՝ անգործ։
. Արտաքին պարտքը հատել է վտանգավոր շեմը. 2024-ի վերջին այն անցել է 11 մլրդ դոլարը՝ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում շուրջ 3,600 դոլար պարտք։
. Բնակչության արտահոսք. վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը նորից ահագնանում է։ Չենք հեռանում ոչ թե միայն աղքատությունից, այլ հիասթափությունից։
Եվ այս ամենի ֆոնին Փաշինյանն ընտրել է պայքարել ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ՝ հայոց եկեղեցու եւ Վեհափառի դեմ։
Իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կոնկրետ պլան ունեն եկեղեցու, Կաթողիկոսի դեմ իրականացնելու համար, թեեւ գիտակցում են, որ Կաթողիկոսին հեռացնելը այդքան էլ հեշտ իրագործելի պլան չէ: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը թիմակիցներին հստակ բացատրել է, որ պետք է Վեհափառին հեռացնել, բայց խելոք, քայլերի հաջորդականությամբ, երկարատեւ պրոցեսի միջոցով: Բանն այն է, որ Եկեղեցին ունի իր ներքին կանոնադրությունը, առաջնորդվում է դրանցով, եւ աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանվելու իմունիտետ ունի: Սա հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են Վեհափառին վեհարանից հեռացնելու ծրագիրը, բայց չպետք է շտապեն ու սխալ քայլեր անեն: Նախ պետք է եկեղեցու ներսում գտնել դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն Կաթողիկոսի դեմ՝ դրսից ունենալով իշխանության աջակցությունը: Իշխանությունների ներսում կան շատ անձինք, որոնք հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն, ու նրանք ավելի են ակտիվացնելու եկեղեցու դեմ արվող հակաքարոզները: Պլանն այնպիսին է, որ հասունացնեն դժգոհությունը, հետո Փաշինյանը հայտնվի պրոցեսների կիզակետում եւ Կաթողիկոսին հեռացնելու դափնիները իր վրա վերցնի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թեւակոխել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին եւ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով հաշտության գալու համար ժամկետ տրամադրել։ Սահմանված ժամկետում, եթե լիազորությունները դադարեցրած դատավորները եւ ՀՀ կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ապա ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴԻ կողմից արդեն իսկ ուղարկված հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ հանիրավի պաշտոնազրկված դատավորներից որեւէ մեկը չի պատրաստվում հաշտության գնալ Փաշինյանի կառավարության հետ: Եվ, հաշվի առնելով մինչ այս արձանագրված նախադեպերը, ՄԻԵԴ-ը կգնա որոշում կայացնելու, որը ոչ ցանկալի «ապտակ» է լինելու ԲԴԽ-ի եւ ՀՀ կառավարության համար։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի եւ բացահայտ քաջության միջակայքում։ Թեեւ հրապարակային խոսքով ՔՊ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձեւաչափերում թեեւ փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը, այնուամենայնիվ, նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը: Դրա համար, շատերի ընկալմամբ, իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված «թուղթ չէ», այլ տագնապի ազդանշան։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից. նրանք կսպասեն զարգացումներին, մինչեւ կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու: Իշխանությունն այս պահին վախենում է ոչ միայն ընդդիմությունից, այլ նաեւ հասարակությունից, որը սովորաբար լուռ է, մինչեւ որ դառնում է բուռն ալիք։ Այդ ալիքի ձայնը հիմա դեռ խուլ է, բայց հնչեղության վտանգը՝ իրական։ Առավել եւս Եկեղեցու դեմ հարձակումները հանրության շրջանում այնքան էլ լավ չեն ընկալվել:























