
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թվականի նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս։
Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Վեհափառ Հայրապետին անվանում Կտրիճ Ներսիսյան, պատճառը մեկն է։ Բանն այն է, որ Փաշինյանը Վեհափառին մեղադրում է կուսակրոնության ուխտադրժության մեջ և դիմում է նրան ավազանի անունով (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, օգոստոսի 21, 1951, Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։
Կենսագրություն․
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Խորհրդային Հայաստանի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո՝ 1965 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ ստանձնելով նաև «Նոր Կտակարան» առարկայի դասավանդման պարտականությունը։ 1972 թվականի հոկտեմբերի 15-ին Գերաշնորհ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ի պատիվ Ավարայրի ճակատամարտին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ 1975 թվականին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով Բոննի համալսարանում։
1979 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան և իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նշանակվել Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։
Գործունեություն․
1989 թվականին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը։ 1990 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։ Այն ներկայումս ընդգրկում է ավելի քան 56 հանրակրթական դպրոց։ 1992 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից և դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։ Նա հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի (պատվո անդամ), Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թվական)։
Կաթողիկոսական գործունեություն․
Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության ընթացքում կառուցվել են 100-ից ավել եկեղեցիներ, վերանորոգվել ավելի քան 40։ Մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր Աթոռում։