Armenian text to speach

Հնդկաստանում վթարի է ենթարկվել Air India-ի 240 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ահմեդաբադ քաղաքում հինգշաբթի օրը վթարի է ենթարկվել Լոնդոն թռչող Air India ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որում ավելի քան 240 մարդ է եղել, հայտնել է ավիաընկերությունը։
«Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում Լոնդոն թռչող ինքնաթիռի կործանման տեսարանները, որը տեղափոխում էր բազմաթիվ բրիտանացի քաղաքացիների, սարսափելի են», – հայտարարության մեջ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը։
Ըստ քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Ֆաիզ Ահմեդ Կիդվաիի, AI 171 չվերթը՝ Boeing 787-8 ինքնաթիռը, վթարի է ենթարկվել Մեղանի Նագար բնակելի թաղամասում՝ տեղական ժամանակով 13:38-ին թռիչքից հինգ րոպե անց։

Ավիաընկերության տվյալներով՝ Գաթվիք օդանավակայան ուղևորվող չվերթի մեջ գտնվել է 242 ուղևոր և անձնակազմի անդամ, այդ թվում՝ 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի և 1 կանադացի։

Սա Boeing 787 Dreamliner տիպի ինքնաթիռի առաջին վթարն է իր շահագործման պատմության մեջ։

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Ռամ Մոհան Նաիդու Կինջարապուն հայտնել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները վթարի վայրում բժշկական օգնություն և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Air India-ի ղեկավար Նատարաջան Չանդրասեկարանը հայտնել է, որ ընկերությունը ստեղծել է արտակարգ իրավիճակների կենտրոն՝ տուժածների ընտանիքներին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ սա Հնդկաստանում տեղի ունեցած ամենամեծ ավիավթարն է 2020 թվականից ի վեր, վերջին դեպքի ժամանակ Air India Express-ի Boeing-737-ը վթարի էր ենթարկվել երկրի հարավում՝ խլելով 21 մարդու կյանք։

Փրկարարները հայտնել են, որ դեպքի վայրից դուրս է բերվել առնվազն 30-35 դիակ, սակայն փլատակների տակ դեռևս մեծ թվով մարդիկ են մնացել։ Նախնական տվյալներով կա 133 զոհ:

Անի Վարդանյան




Լրահոս