Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածներից հետո տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում չեղարկվել և հետաձգվել են դեպի Իսրայել, Իրան և Միացյալ Արաբական Էմիրություններ չվերթները։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից ArmLur.am-ը տեղեկանում է, որ չեղարկվել են «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ, «Fly Dubai»-ի Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air» ընկերության Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթները։ «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգվել է։
Այս խառնաշփոթի պատճառն այն է, որ լուսադեմին Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին «Ամ կա լավի» (ժողովուրդն ինչպես առյուծ) գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի թիրախավորել Իրանում ռեժիմի միջուկային ծրագիրը և հեռահար հրթիռների արձակման հնարավորությունները։
Ըստ թուրքագետների և միջազգայնագետների կան մի քանի հստակ վարկածներ, թե ինչու է սկսվել այս հակամարտությունը։
Առաջին գործոնն այն է, որ Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը։ Այն արդեն ունի բավարար հարստացված ուրան՝ 15 միջուկային ռումբերի համար, և իրանցի գիտնականներն արդեն աշխատում են բաղադրիչների հավաքման վրա։
Ըստ հրեական կողմի՝ իրանական միջուկային նախագիծը գտնվում է այնպիսի փուլում, որն իրենց ստիպել է չհապաղել և չուշացնել արձագանքը։
Եվ երրորդ պատճառը՝ զենքի և զինամթերքի ակտիվ փոխանցումն է տարածաշրջանում գտնվող պրոքսի ուժերին։
Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։ Հատկապես որ Թուրքիայի զինված ուժերն էլ զորավարժությունների անվան տակ այս պահին ու առնվազն մինչև հունիսի վերջ Նախիջևանում են լինելու՝ այդպիսով ապահովելով Սյունիքի արևմտյան կողմի վրա ճնշումը։
Սա դեպքերի ու իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներից է։
Պատկերավոր ասած՝ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ վառոդի հոտը թաքցվում է մեր հանրության կողմից և դրա փոխարեն ամեն օր «ցանում են» էժանագին օծանելիք («ներդրումներ», «կրթվել» և այլն) ու թուլացնում ազգային ինստիտուտները (մերձավորարևելյան այս ճգնաժամի մեջ հայ եկեղեցին կարող է ոչ միայն ներքին, այլև արտաքին կարևոր դերակատարում ունենալ՝ հաշվի առնելով նրա դերը, հարգանքը ու կապերն այս տարածաշրջանում)։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան




























